Մենք շարունակում ենք հարցումներ ուղարկել արտասահմանյան կլինիկաներ` ճշտելու համար, թե իրենք ինչ կարող են առաջարկել մեր զինծառայողներին…
Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռոլանդ Սահակյանին եւ Ավետիս Զարգարյանին արտասահման տեղափոխելու որոշումը վերջնականապես կքննարկվի, երբ նրանց մարմնական վնասվածքներն ապաքինվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
«Մենք շարունակում ենք հարցումներ ուղարկել արտասահմանյան կլինիկաներ` ճշտելու համար, թե իրենք ինչ կարող են առաջարկել մեր զինծառայողներին: Այս պահին կոնկրետ ոչինչ չենք կարող ասել, քանի որ եւ Ռոլանդը, եւ Ավետիսը բուժման կարիք ունեն Երեւանում»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Նշենք, որ արտասահմանյան կլինիկաների հետ բանակցություններից հետո ՊՆ համապատասխան վարչությունը պետք է տեղեկությունների ամբողջական փաթեթն ուղարկի Առողջապահության նախարարության ստեղծած հատուկ հանձնաժողով, որը որոշում է կայացնում վիրավոր զինվորների բուժումն արտասահմանում կազմակերպելու մասին Հայաստանում այն կազմակերպելու անհնարինության պատճառով: Սակայն մինչ օրս այդ որոշումը չի կիրառվել որեւէ զինվորի նկատմամբ: Գերմանիայում գտնվող Արամ Լազգիյանը եւ Ռուբեն Առաքելյանը այժմ Գերմանիայում բուժում են ստանում, բայց դրա գումարը հավաքվել է մասնավոր նվիրատվությունների միջոցով:
Հիշեցնենք, որ Ավետիս Զարգարյանը վիրավորվել է ապրիլի 4-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ Ավետիսին Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն 19-ամյա տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը: Այսօր զինծառայողը դանդաղ ապաքինվում է:
Բժիշկները սպասում են՝ Ավետիսը մի քիչ կազդուրվի, որից հետո կրկին կվիրահատեն:
Ռոլանդ Սահակյանը նույնպես վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշում: Հոսպիտալում գտնվելու ընթացքում երիտասարդը 6 վիրահատության է ենթարկվել. երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի: Հունիսի վերջին Ռոլանդը տեղափոխվել էր հիվանդասենյակ, սակայն օրեր անց վիրահատվել եւ կրկին տեղափոխվել Վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը կայուն է: Ռոլանդն արդեն կարողանում է ինքնուրույն ուտել: Իհարկե, նա մինչեւ հիմա բարձր ջերմություն ունի, սակայն ձեռքերը նորմալ աշխատում են. ողնաշարի վնասվածքը դրանց վրա չի ազդել: Ռոլանդին մկանները մերսող մասնագետ է այցելում, որոնք երկար ժամանակ պառկելու արդյունքում թուլանում են եւ կորցնում տոնուսը:
Ռոլանդն օրերս վիրահատվել է եւ կրկին տեղափոխվել Վերակենդանացման բաժանմունք:
Հոսպիտալում է գտնվում նաեւ մայիսի 13-ին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը: Նա գլխի շրջանում վիրավորում էր ստացել, բժիշկների երկարատեւ պայքարից հետո այսօր Հովհաննեսը սկսել է խոսել եւ կամաց- կամաց քայլել:





























