Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հատուկ քննչական ծառայությունից:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

2016թ. օգոստոսի 10-ի դրությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործության հետեւանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: Նրանց առողջությանը հասցված վնասի բնույթը եւ ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 2 լրագրող դեռեւս չի ներգրավվել քննությանը՝ քաղաքից բացակայելու պատճառով, եւս 1-ը հայտարարել է, որ այդ օրն իրեն որեւէ վնաս չի պատճառվել:

Հիշյալ դեպքերի ընթացքում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով 2016թ.  օգոստոսի 10-ին ձերբակալվել են երկու քաղաքացիներ»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ: