Ապարանի քաղաքապետի ընտրություններում տարօրինակ վիճակ է ստեղծվել, քանի որ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում երկու թեկնածուներն էլ ստացել են ՀՀԿ-ի աջակցությունը:

Մասնավորապես, ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել է աջակցել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը որոշել է սատարել անկուսակցական Էդգար Փարվանյանին:

Այս առնչությամբ ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանելով ստեղծված իրավիճակն ասաց. «Ապարանում ստեղծվել է դասական մրցակցային նախընտրական իրավիճակ: Այսպես, ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել է աջակցել ՀՀԿ անդամ, արդեն տեւական ժամանակ պաշտոնավարող Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը, որն, ըստ կուսակցության կանոնադրության, որոշումների ընդունման ավելի բարձր կարգավիճակ ունի, քննարկելով ստեղծված նախընտրական իրավիճակը, եւ հաշվի առնելով Ապարանում ինքնաառաջադրված երիտասարդ թեկնածու Էդգար Փարվանյանի դիմումը ՀՀԿ մարզային խորհրդին աջակցության խնդրանքով` որոշում է ընդունել սատարել Է. Փարվանյանին: Մարզային խորհրդի որոշումն ընդունելի է ՀՀԿ-ի համար եւ ընթացակարգային առումով ճիշտ է, եւ ամեն ինչ կարվի որպեսզի ապահովվի ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների ոգին՝ ի շահ Ապարանի ընտրողի: Ապարանի ընտրողներն իրենք կորոշեն, թե որ թեկնածուն է իր նախընտրական ծրագրերով արդարացնելու իրենց հույսերն ու ստանալու վստահության առավելագույն քվեն, իսկ մենք սիրով կաշխատենք մեծամասնության ընտրությանն արժանացած թեկնածուի հետ»:

Դիտարկմանը, թե գործող քաղաքապետը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանում է իմ թեկնածությունը, Թադեւոսյանը պատասխանեց, որ դա բացարձակապես կապ չունի իրականության հետ եւ հանդիսանում է ընդամենը քաղաքական մանիպուլացիայի անհաջող օրինակ:

Ինչ վերաբերում է նրան, որ Գոռ Աբրահամյանի նախընտրական շտաբի պաստառը փակցված է Ապարանի ՀՀԿ գրասենյակի պատին, Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ այդ պաստառը ներկայումս փակցված է կուսակցության գրասենյակին հարակից տարածքի` «Հայփոստ»-ի մասնաճյուղի պատին, որը ենթադրաբար թեկնածուն օգտագործելու է որպես իր նախընտրական շտաբ՝ սեփական քարոզչական տեխնոլոգիաների տրամաբանությունից ելնելով. «ՀՀԿ գրասենյակի պատին փակցված չէ եւ չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով մեր կուսակցության որդեգրած մրցակցային սկզբունքը»:

Ավելի վաղ Ապարանի քաղաքապետ։ Գոռ Աբրահամյանը 168.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ընտրական օրենսգրքի 133 հոդվածով համայնքի ղեկավարին իրավունք ունի առաջադրելու տարածքային կազմակերպությունը, իսկ տարածքայինը, ըստ նրա, շրջանայինն է, եւ մարզային կազմակերպությունն իրավունք չունի որեւէ թեկնածու առաջադրելու: Ապարանի քաղաքապետը, ով միաժամանակ նաեւ մարզային կազմակերպության նախագահի առաջին տեղակալն է, գտնում է, որ մարզային կազմակերպության ղեկավար Սարգիս Սահակյանի դիրքորոշումը զուտ անձնական հողի վրա է, քանի որ նա գաղտնի իր համախոհներով հավաքվել է, նման որոշում է կայացրել: