News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանում շարունակվել են նաեւ այսօր: Ներկայացվել է մի շարք ոլորտներում հատկացումների չափը, նաեւ նշվել խնայողությունների եւ կրճատումների մասին:

2017 թվականին Հայաստանի խորհրդարանի ծախսերի համար 4․3 մլրդ դրամ կհատկացվի, կառավարության ծախսերը կկազմեն 11.6 մլրդ դրամ, նախագահի աշխատակազմի ծախսերը՝ 4.5 մլրդ դրամ: Նախագահի աշխատակազմի ղեկավարին հարցրել են ծախսերի կրճատման հնարավորության մասին՝ հաշվի առնելով, որ անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Արմեն Գեւորգյանը հիշեցրել է. նախագահի լիազորությունները կպահպանվեն մինչեւ պաշտոնավարման ավարտը՝ 2018 թվականի ապրիլը, հետեւաբար հաջորդ տարի նույնպես նախագահի աշխատակազմի ծախսերը շատ չեն կրճատվի:

Խնայողությունը՝ խնայողություն, բայց չինովնիկները տասնյակ կիլոմետրեր հեծանիվով չեն գնալու մարզեր։ Դավիթ Հարությունյանի արձագանքն է եղել ծառայողական մեքենաների կրճատմանը: Առանց այն էլ՝ 2016 թվականին Կառավարության ավտոպարկում արդեն 26 մեքենա է կրճատվել:

Լրագրողների ուշադրության կենտրոնում են եղել նաեւ մարզպետերը: Գեղարքունիքի մարզպետին հարցրել են Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին ծեծելու մասին: Պարզվում է՝ մարզպետն այդ մասին լրատվամիջոցներից է իմացել:

Սյունիքի մարզպետից էլ հետաքրքրվել են մարզում տիրող մթնոլորտի մասին: Վահե Հակոբյանը վստահեցրել է. հոգեբանական մթնոլորտը գերազանց է: Իսկ մարզպետարանում կադրային մեծ փոփոխություններ չեն նախատեսվում:

Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը պետք է դիտարկել որպես հանցագործություն: Բելգիայի Սենատի ներկայացուցիչ Քրիսթին Դեֆրենի կարծիքն է: Երեւանում Գալուստ Սահակյանի հետ համատեղ ճեպազրույցում նա հավաստել է, որ շարունակելու են աշխատել՝ Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու համար:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի թեմային՝ բելգիացի սենատորը նշել է, որ նման հակամարտությունները պետք է կարգավորվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով:

Պաշտոնին հրաժեշտ է տվել հարկային ծառայության, թերեւս, ամենահին պաշտոնյան: Նոյեմբերի 1-ին պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նա հարկային ծառայությունում աշխատել է 1991 թվականից, իսկ տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 1995-ից։ Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո սկսեցին լուրեր պտտվել, որ Ալավերդյանը նույնպես հեռանալու է պաշտոնից։

Երեւանում բոտուլիզմի դեպք է արձանագրվել՝ 4 տուժածով: Նրանք մեկ ընտանիքի անդամներ են: Տուժածներից մեկը՝ 70-ամյա կին, հիվանդանոցում մահացել է: Բոլորն էլ տնային պայմաններում պատրաստված կանաչ տաքդեղ են կերել: Մահացած կինը չափազանց ուշ է դիմել բժշկի: Մյուս երեք տուժածները հիվանդանոցում են, նրանց վիճակը միջին ծանրության է: Առողջապահության նախարարությունը զգուշացնում է. խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից կամ դրանից առաջ պահածոները ջերմային մշակման ենթարկել: Հարկավոր է նաեւ թունավորման առաջին ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր դատարանում ցուցմունք են տվել «Շենգավիթ» բուժկենտրոնի այն բժիշկները, որոնց վերաբերյալ քննություն է ընթանում՝ պարզելու հղիի մահվան մեջ նրանց մեղավորությունը: Վկաները միաբերան պնդել են. հիվանդանոցը ոչ մի սխալ թույլ չի տվել, արել են այն, ինչ անհրաժեշտ էր: Այնուամենայնիվ, բուժկենտրոնի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը չի դիմացել. 37.8-ից բարձր ջերմության դեպքում ցանկալի է հոսպիտալացնել հղիներին: Ըստ մահացածի հարազատների՝ ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը միայն 4-րդ օրն է համաձայնել պառկեցնել հղիին, այն էլ՝ իրենց պարտադրանքով: Ի դեպ, Շուշանիկ Բաշխյանը, պարզվում է, լիարժեք մասնագիտական կրթություն չունի: Նա վեց տարի բուժական գործ է ուսանել, ապա վեցամսյա դասընթացի մասնակցել եւ նեղ մասնագիտացում ստացել:

Երեւանում այս տարվա առաջին ձյունն է տեղացել։ Առավոտից ձյուն էր տեղում մայրաքաղաքի բարձրադիր շրջաններում, ավելի ուշ տեղումներ սկսվեցին նաեւ կենտրոնում եւ հարավում: Նոր Նորքում արդեն ձյան որոշակի շերտ է գոյացել։ Երեխաները նույնիսկ փորձել են ձնեմարդ պատրաստել: Իսկ մարզերում ձյան առատ տեղումներ են արդեն մի քանի օր շարունակ: Այսօր տեղումների պատճառով փակվել է Դիլիջանի թունելը: Այստեղ մաքրման ակտիվ աշխատանքներ են ձեռնարկել: Պատասխանատու գերատեսչությունները վարորդներին կրկին զգուշացնում են. հարկավոր է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նոյեմբերի 1-ին դոլարի ու եվրոյի փոխարժեքը փոքր-ինչ աճել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 522, ռուբլունը՝ 7 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 581 դրամ։

Նոյեմբերի 2-ին հանրապետության տարածքում առատ տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով: Առանձին ճանապարհահատվածներում բուք եւ մերկասառույց կլինի: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ