News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում շարունակում են քննարկել 2017 թվականի պետբյուջեի նախագիծը: Խորհրդարան եկած տրանսպորտի նախարարին ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ահազանգել է. «Հյուսիս-Հարավ» մայրուղին դեռ չեն հասցրել ամբողջությամբ կառուցել, իսկ այն արդեն ճաքեր է տվել, նաեւ մարդիկ են զոհվել: Սակայն Վահան Մարտիրոսյանը չի շտապում գնահատական տալ թերություններին:

Նախարարը լրագրողներին վստահեցրել է, որ Հայաստանում ճանապարհաշինական ոչ մի ծրագիր, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, վտանգի տակ չէ: Պարզապես հիմա քննարկվում է ճանապարհների շատ հատվածներ մասնավոր-պետական համագործակցության շրջանակում կառուցելու հարցը: Արդյո՞ք դրա հետեւանքով ճանապարհը կարող է վճարովի դառնալ: Նախարարը սա չի բացառում:

Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահին ուղղված հարցերն էլ վերաբերել են, մասնավորապես, ստվերի դեմ պայքարին, կոմիտեում կադրային փոփոխություններին: Վարդան Հարությունյանը վստահեցրել է. եթե ստվեր կա, ինքը կարճ ժամանակում կիմանա այդ մասին եւ կպայքարի դրա դեմ, քանի որ բոլորը պարտավոր են հարկ վճարել պետությանը:

ՊԵԿ-ում փոփոխություններ, այո՛, կատարվում են, այո՛, նոր նախագահը կառույցը համալրում է իր վստահությունը վայելող անձանցով:

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն, բայց որքան, Ռոբերտ Նազարյանը դժվարանում է պատասխանել: Ասում է՝ պետք է հաշվի առնեն մի շարք գործոններ: Բայց արդեն որոշակիորեն հայտնի է, թե երբվանից նոր սակագներն ուժի մեջ կմտնեն:

Արամ Մանուկյանի խոսքով, սակայն, գազի սակագնի նվազման մասին հայտարարություններն օդից կախված են: Ասում է՝ տեսանելի չեն այն հանգամանքները, որոնց շնորհիվ սուբսիդավորվելու է գազի սակագնի նվազումը:

Այս օրերին սոցհարթակի թիվ մեկ թեման Լեւոն Ալթունյանի աղմկահարույց հայտարարությունն է: Առողջապահության նախարարի արտահայտությունը, թե ինքը «մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը», բարկացրել է ոչ միայն մահացածների հարազատներին, այլեւ հանրությանը: Խնդրին ստիպված է եղել անդրադառնալ նաեւ Կարեն Կարապետյանը՝ փորձելով փրկել մտերիմ ընկերոջը: Վարչապետն ասել է՝ «եթե նախարարը նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես Ալթունյան Լեւոնին լավ եմ ճանաչում»:

Բայց վարչապետի գովեստի խոսքերն Ալթունյանին չեն փրկել: Երեկ ուշ երեկոյան համացանցում հայտնվել է նախարարի մամուլի խոսնակի գրառումը. Ալթունյանը պատրաստվում է ընդունել մահացած 3 ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին:

Ինչո՞ւ հենց այս երեքի, ի՞նչ սկզբունքով է կատարվել ընտրությունը. պաշտոնական տվյալներով՝ 2015 թվականին եւ 2016-ի հունվար- հոկտեմբերին գրանցվել է մայրական մահացության 15 դեպք: Այս հարցի պատասխանը լրագրողներն այսօր փորձել են ճշտել փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից: Պատասխանը, մեղմ ասած, ծիծաղելի է: Նշենք, որ նախարարը մահացած ծննդկանների հարազատներին ընդունելու է նոյեմբերի 8-ին:

Մշակույթի նախարարը տեղյակ չէ, որ Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է Արամ Ասատրյանի անունով: Լրագրողներն Արմեն Ամիրյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում այդ որոշմանը:

Արմեն Ամիրյանն անդրադարձել է նաեւ նախարարությունում իրականացվող փոփոխություններին՝ հավաստելով, որ դրանք ոչ թե նախկին նախարարի կադրերից ազատվելու, այլ նոր կառավարության ծրագիրն իրականացնելու համար են:

Ինչ վերաբերում է առաջին տպարանի շենքի պայթեցման առիթով բարձրացած աղմուկին: Մշակույթի նախարարությունը որոշել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի՝ 100-ամյա պատմություն ունեցող շենքերը մշակութային արժեք կհամարվեն եւ կարգելվի դրանք քանդել:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում նախագահ են ընտրելու: Քվեարկության նախօրեին սոցհարցումների վերջին տվյալներն են հրապարակվել: Դրանց համաձայն՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է անցել 3 տոկոսային կետով. Քլինթոնին պատրաստ է աջակցել ընտրողների 44 տոկոսը, Թրամփին՝ 41 տոկոսը:

Մինչ այդ, Նեւադայում ընտրողների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը ստիպված է եղել ելույթի ժամանակ անհապաղ լքել ամբիոնը: Երկու թիկնապահներ Թրամփին հեռացրել են բեմից՝ նրան փակելով իրենց մարմիններով: Պատճառը դահլիճում գտնվող զինված տղամարդն է եղել, որին ձերբակալել են:

Նոյեմբերի 7-ին դոլարի վերելքը շարունակվել է, իսկ եվրոն փոքր-ինչ թուլացրել է դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 477 դրամ, եվրոյինը՝ 528, ռուբլունը՝ 7 դրամ 49 լումա, ֆունտինը՝ 592 դրամ։

Նոյեմբերի 8-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ