News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օրեր շարունակ պահպանվող ինտրիգը հանգուցալուծվեց. վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես եւ խոստացել էր, հրապարակային հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Ասում է՝ իր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է հանրապետության նախագահը, որը նաեւ ՀՀԿ-ի ղեկավարն է:

Կարեն Կարապետյանին հոգեհարազատ է Հանրապետականի պահպանողական գաղափարախոսությունը, նաեւ ընդունելի են կուսակցությունում ընդգրկված բազմաթիվ մարդիկ: Վստահ է, որ անհրաժեշտ է շատ բան փոխել երկրի տնտեսական-սոցիալական կյանքում, առավել եւս՝ պետական կառավարման համակարգում: Ինչ վերաբերում է նոր կառավարության անկուսակցական անդամներին. Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ նրանց անդամակցության հարցում որեւէ պարտադրանք չկա: Բայց նախարարները պատրաստվում են հերթով դիմում գրել:

Գյուղնախարարն ասում է՝ պարտադիր չէ Հանրապետականին անդամակցությունը, բայց ինքը թիմային աշխատող է, հետեւելու է թիմի մյուս անդամներին: Իգնատի Առաքելյանին նույնպես հոգեհարազատ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, բայց չի կարողանում Նժդեհի գաղափարներից իրեն հոգեհարազատ որեւէ բան առանձնացնել. պարզապես ծանոթ չէ: Տրանսպորտի նախարարը նույնպես հերքում է պարտադրանքի մասին խոսակցությունները: Ասում է՝ մինչեւ հիմա ՀՀԿ-ի անդամ չի եղել, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվել: Իսկ մշակույթի նախարարը շարունակում է համառել: Արմեն Ամիրյանը Հանրապետականին անդամակցելու դիմում չի ներկայացրել. չի շտապում: Հիշեցնենք, որ շաբաթ՝ նոյեմբերի 26-ին կայանալու է ՀՀԿ-ի համագումարը: Մամուլի տեղեկություններով, այդ օրն անկուսակցական բոլոր նախարարները Հանրապետական են դառնալու, իսկ Կարեն Կարապետյանն ընտրվելու է կուսակցության փոխնախագահ:

Եվ կառավարության նիստում քննարկված եւ հաստատված հարցերի մասին: Վիրավորում ստացած երկու զինծառայողների պաշտպանության նախարարության միջոցներով կուղարկեն արտերկիր՝ բուժման: Զինծառայող Մհեր Պետրոսյանը բուժման կմեկնի Գերմանիա, Աշոտ Գրիգորյանը՝ Ռուսաստան: Կառավարությունն ակտիվացնում է «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը: Կարեն Կարապետյանը քաղավիացիայի վարչությանը հանձնարարել է մինչեւ տարեվերջ անելիքների ծրագիր ներկայացնել, փորձել հասկանալ, թե ինչ նոր ուղղություններ է հնարավոր գործարկել, ինչ ընկերությունների Հայաստան հրավիրել: Սերգեյ Ավետիսյանն արդեն Հայաստանի եւ Մոլդովայի ու Ղազախստանի միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրեր էր բերել կառավարություն:

Օրերս տարբեր մակարդակներով ակտիվորեն քննարկվում էր նաեւ ռուսաստանցի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենը պետք է օրենսդրորեն կարգավիճակ ստանա: Կրթության նախարարը վերջ դրեց տարատեսակ մեկնաբանություններին. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկը, եւ փոփոխության ենթակա չէ: Այլ հարց է օտար լեզուների զարգացման հիմնախնդիրը: Լեւոն Մկրտչյանի կարծիքով՝ եթե ուզում ենք գիտակրթական պոտենցիալ ունեցող տարածք դառնալ, մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենիի փայլուն տիրապետումից զատ, նաեւ օտար լեւզուների իմացություն ունենան: Բայց լեզուների, այդ թվում՝ ռուսերենի խորացված ուսուցումը, նախարարի հավաստմամբ, որեւէ կապ չունի լեզվի պետական կարգավիճակի հետ:

Մոսկվայում սպանել են Հայաստանի քաղաքացի Գեւորգ Գեւորգյանին: Նա շինարարական բիզնեսով էր զբաղվում: Քաղաքի Լիտովյան պուրակին կից բնակելի տներից մեկի մոտակայքում հրազենային վիրավորումով տղամարդու դիակ են հայտնաբերել, նրանից 300 մետր հեռավորությամբ՝ ինքնաձիգ, որից էլ, ենթադրաբար, կրակել են նրա վրա: Դիակի մոտ կայանված մեքենայում երեք գնդակի հետք է հայտնաբերվել: Իրավապահների տեղեկացմամբ, հանցագործությունը նման է պատվերով սպանության: Քրեական գործ է հարուցվել:

Գյուղապետի որդին գիշերվա կեսին զվարճացել է գյուղի փողոցներում: Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում նոյեմբերի 23-ին կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ Վերին Շորժայի գյուղապետի որդին գիշերը գազային ատրճանակից կրակոցներ արձակելով շրջել է գյուղում: Ահաբեկված գյուղացիներն ահազանգել են իրավապահներին, որոնք էլ բերման են ենթարկել երիտասարդին: Բացատրական աշխատանքներից հետո նրան բաց են թողել: Ոստիկանությունը դեպքի մասին այլ մանրամասներ չի հայտնում:

Ողբերգական դեպք Լոռու մարզում: Փամբակ գյուղի անտառում հաստաբուն ծառն ընկել է 36-ամյա երիտասարդի վրա: Նա տեղում մահացել է: Մահացածը Փամբակ գյուղի բնակիչ Կարեն Տոնոյանն է, ով մի քանի օր առաջ էր վերադարձել Ռուսաստանից: Տոնոյանը հորեղբորորդու հետ գնացել էր անտառ՝ ծառ կտրելու: Նրանց կտրած ծառն էլ սպանել է երիտասարդին:

Նոյեմբերի 24-ին դոլարը փոքր-ինչ զիջել է դիրքերը, եվրոն՝ կտրուկ նվազել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 506, ռուբլունը՝ 7 դրամ 45 լումա, ֆունտինը՝ 596 դրամ։

Նոյեմբերի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում օդի ջերմաստիճանն աստիճանաբար 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ