News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խոշոր հրդեհ Վանաձորում: 5 ընտանիք՝ 19 բնակչով, առանց տանիքի է մնացել: Հրդեհը բռնկվել է առավոտյան 09:30-ի սահմաններում, «Ուկրշին» տնակային ավանում: Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը, սակայն կրակը հասցրել է 5 տուն վնասել: Տանտերերի խոսքով՝ փայտաշեն տունը հրկիզել է հարեւաններից մեկը, ով հոգեկան շեղումներ ունի եւ հաճախակի է տանը կրակ վառում: Ասում են՝ բազմիցս դիմել են հոգեբուժարան եւ ոստիկանություն. տանում են, մի շաբաթ պահում ու հետ ուղարկում: Բնակիչներից մեկը հրդեհը նկատելով՝ հասցրել է միայն 7 օրական երեխային օրորոցով դուրս բերել, այլ բան հնարավոր չի եղել փրկել: Բնակիչներին ժամանակին տարհանել են, տուժածներ չկան: Վանաձորի քաղաքապետը խոստացել է նրանց ժամանակավոր կացարանով ապահովել:

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է բանակ զորակոչել քննություն չհանձնած ռազմական բժիշկներին: «Զինծառայություն անցնելու մասին» օրենքում լրացումների օրինագիծն Ազգային ժողովում ներկայացրած պաշտպանության փոխնախարարը պարզաբանել է, որ դեպքեր կան, երբ բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները մագիստրատուրան ավարտում են, լեյտենանտի կոչում ստանում, բայց ինտերնատուրայի քննությունը չեն հանձնում եւ բանակ չեն զորակոչվում. նրանց չեն կարողանում զորակոչել որպես ռազմական բժիշկների, բայց հնարավոր չի լինում նաեւ որպես շարքային զորակոչել: Առաջարկվում է այսուհետ նրանց լեյտենանտի կոչում տալ միայն ինտերնատուրայից հետո: Պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասում է՝ խնդիրը վաղուց էր առկա, եւ պետք չէր խուսանավելու հնարավորություն տալ, իսկ հետո փորձել լուծել հարցը:

ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ հանգստյան օրերին մարզերում է եղել, ականատես եղել աղետալի վիճակի: Տեղեկացրել է. Արմավիրի Արեւիկ գյուղում, օրինակ, որը ժամանակին մարզի ամենահարուստ գյուղերից էր, բոլոր տները գրավադրված են: Պատգամավորը դիմել է խորհրդարանի խոսնակին՝ այս հարցով լսումներ կազմակերպելու առաջարկով: Գալուստ Սահակյանն իր ոճով է արձագանքել:

Իսկ ընդհանրապես, Ազգային ժողովում տրամադրություններն արդեն նախընտրական են: Շաբաթ կայացել է ԲՀԿ քաղխորհրդի նիստը, եւ լրագրողները խմբակցության ղեկավարից փորձել են հստակ պատասխան ստանալ, Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՝ ոչ:

Ծառուկյանը միանշանակ գործելու է ընդդիմադիր դաշտում: Չի բացառվում նաեւ, որ նա նորից կգլխավորի ԲՀԿ-ն: Նաիրա Զոհրաբյանին տհաճություն են պատճառել այս հարցով սոցիալական ցանցերում տարածված մեկնաբանությունները: Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեկնաբանելու խնդրանքով լրագրողները դիմել են ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին: Նա խորհուրդ է տվել առաջ նայել: Շարմազանովը եւս մեկ անգամ շեշտել է. իրենք գնահատական են տվել երեւույթին, ոչ թե անձին, եւ շարունակում են մերժել քաղաքական մշակույթի հետ կապված վատ երեւույթներն ու ընդունել դրական երեւույթները: Նա նաեւ չի համաձայնել կարծիքին, թե քաղաքականություն Ծառուկյանի վերադարձն իշխանական խաղ է՝ ընդդիմության ձայները կորզելու համար:

Ընտրություններին սեփական ցուցակով է մասնակցելու նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, բայց դեմ չէ միավորումներին: Խաչատուր Քոքոբելյանը հրաժարվել է անուններ նշել, բայց որոշ տեղեկությունների համաձայն՝ կուսակցության ընտրացուցակում են լինելու նաեւ Հրանտ Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

Իսկ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերը», լրագրողների հետ զրույցում պերճախոս չի եղել: Լրագրողները հարցրել են՝ «Նեղացած էիք, Ազգային ժողովի նիստերին չէիք գալիս»: Պատգամավորի պատասխանները հակիրճ են եղել, հիմնականում՝ «Ձեր գործը չի, ձեզ չի վերաբերում» ոճով: Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել, որ երկար ժամանակ է՝ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ներկայանում քառօրյա նիստերին, քանի որ նեղացած է սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձանց կողմից իր տուն ներխուժման եւ հետախուզվող անձի որոնելու պատճառով:

Սփյուռքահայ մի խումբ մտավորականներ միավորվել են եւ հանդես եկել «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությամբ: Ապրիլին նրանք Հայաստան են գալու՝ խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդ հանդես գալու: Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ասում է՝ իրենց նպատակը Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին նպաստելն է։

Ընտրություններին դիտորդի կարգավիճակով կհետեւի նաեւ աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանը: Ասում է՝ նախաձեռնությանը միայն 4400 քաղաքացի է միացել, քանի որ սփյուռքահայերը կտրված են հայաստանյան իրականությունից: «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը մտադիր է մինչեւ ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդներին, որոնք կժամանեն Հայաստան` հետեւելու ընտրությունների ընթացքին:

Ողբերգական վթար Ռուսաստանում: Դեկտեմբերի 4-ին Տյումեն-Խանտի Մանսիյսկ ավտոճանապարհին իրար են բախվել ակրոբատիկայի մանկական թիմի երեխաներին տեղափոխող ավտոբուսը, երկու մարդատար մեքենաներ եւ մեկ բեռնատար: Պատահարի մեղավոր է համարվում ավտոբուսի վարորդը, որը չի կարողացել կառավարել մեքենան: Վթարի հետեւանքով 12 զոհ կա, որոնցից 11-ը՝ երեխաներ: 24 մարդ վիրավորվել է: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Ավոտբուսում 32 մարդ է եղել, նրանցից 29-ը՝ երեխաներ։

Կրակոցներ դպրոցի բակում: Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում կրակոցներ են հնչել: Ոստիկանության մամուլի ծառայությունում հաստատել են լուրը: Դեպքի վայրում մեկ պարկուճ եւ մեկ գնդակ է հայտնաբերվել, դպրոցի պատուհաններից մեկի վրա՝ կրակոցների հետքեր: Տուժողներ չկան: Իրավապահները որոնում են Mercedes եւ BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։ Ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների համար երթեւեկությունը նախատեսվում է վերականգնել դեկտեմբերի 6-ին։ Ճանապարհը փակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով: Լարսի անցակետում արգելափակված մարդիկ ապահովվել են առաջին անհրաժեշտության պարագաներով եւ սննդով: Անցակետում 558 տրանսպորտային միջոց էր կուտակվել, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար: Վրացական կողմը շարունակում է մաքրել ճանապարհը:

Դեկտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը փոքր-ինչ աճել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 511, ռուբլունը՝ 7 դրամ 54 լումա, ֆունտինը՝ 611 դրամ։

Դեկտեմբերի 6-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երեւանում գիշերը տեղումներ կլինեն. բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրեւ: Դեկտեմբերի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ