News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Տեխնիկական խնդիրներ կամ օդաչուների սխալ: Սրանք են նախօրեին Սեւ ծովում ռուսական Տու-154 օդանավի կործանման հիմնական վարկածները: Աղետի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովն ահաբեկչությունը որպես հիմնական վարկած չի դիտարկում: Օդանավի սեւ արկղերը դեռեւս չեն գտել: Ռուսաստանի ՊՆ Տու-154 օդանավի կործանման հետեւանքով 92 մարդ է զոհվել՝ 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանված օդանավը սիրիական Լաթաքիա էր մեկնում՝ «Հմեյմիմ» ռազմաբազայի ռուսական ավիախմբի Ամանորը շնորհավորելու: Ինքնաթիռում են եղել Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի համույթի արտիստները, երեք հեռուստաալիքների լրագրողներ, զինվորականներ ու եւս մի քանի անձ: Ավիաաղետի լուրը ցնցել է իտալացի հայտնի երգիչ Տոտո Կուտոնիոյին: Պարզվում է՝ Ալեքսանդրովի անվան համույթի ներկայացուցիչների խնդրանքով նա նույնպես պետք է այդ օդանավով Սիրիա մեկներ, սակայն չի կարողացել փոխել նախապես ծրագրված համերգային գրաֆիկը: «Սկսում եմ հավատալ ճակատագրին»,- հայտարարել է Կուտունիոն։

ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները կրկին հանդիպել են: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով առավոտյան Ռուսաստան է մեկնել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Արդեն երկրորդ անգամ, սակայն, նախագահները հավաքվում են ոչ ամբողջական կազմով: Հոկտեմբերին Հայաստան չէր եկել Ղազախստանի նախագահը, պետերբուրգյան հանդիպումից էլ բացակայում է Բելառուսի ղեկավարը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկել է Սոչիում Տու-154-ի ավիաաղետի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Սերժ Սարգսյանը նիստում ունեցած ելույթում ներկայացրել է Միության գործունեության՝ մեր երկրի գնահատականները, խոսել ձեռքբերումների մասին, բայց նաեւ ընդգծել, որ չնայած լուրջ առաջընթացին՝ բազմաթիվ հարցեր բաց են մնացել: Սերժ Սարգսյանը կարեւորել է արդյունավետ համագործակցության հաստատումը, ինտեգրացիոն միության միջազգային դիրքավորումը՝ այս առումով առանձնացնելով ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը: Հավաքի ավարտին երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ղրղզստանի նախագահը, ստորագրել են Մաքսային օրենսգիրքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանը չի ստորագրել այն:

Իսկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում երկրորդ անգամ հետաձգվել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է, որ ընտրությունը կկատարվի խորհրդի ապրիլի հերթական նիստում: Թեկնածուի քննարկումն ու ընտրությունը, նրա հավաստմամբ, հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով: Դեռեւս հոկտեմբերին կայացած երեւանյան հանդիպման ժամանակ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ ղեկավար պետք է ընտրվեր Հայաստանի ներկայացուցիչը, ինչը, սակայն, չարվեց: Այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ կողմերը համաձայն չեն Հայաստանի ներկայացրած թեկնածուին:

Կապանում 26-ամյա ծննդկան է մահացել: Մարինե Իվանյանն առաջնեկին բնական ճանապարհով է լույս աշխարհ բերել, բայց երեխան մահացած է եղել: Ծննդաբերությունից մոտ կես ժամ անց կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, բժիշկները չեն կարողացել դադարեցնել այն: Ծննդատան վարիչ Սամվել Միկոյանը նշել է, որ պտուղը մեռելածին է եղել, ինչի հետեւանքով Մարինեի մոտ արյան մակարդելիության խանգարում է առաջացել: 26-ամյա կնոջն ընդունել են պղտի ներարգանդային մահով: Չեն համարձակվել Երեւան տեղափոխել, բայց մինչեւ վերջ պայքարել են, որ արգանդը չհեռացնեն եւ հետագայում կարողանա հղիանալ: 26-ամյա ծննդկանի ու նորածնի մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում սա 4-րդ դեպքն է, որ ծննդաբերությունից հետո կինը մահանում է արյունահոսության հետեւանքով:

Ի՞նչ վտանգներ է պարունակում վրացական «Նավթի եւ գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի 25%-ի վաճառքը, որով հետաքրքրված է ադրբեջանական SOCAR-ը: Հայաստանի էներգետիկ անվտանգության համար այդ գործարքի ռիսկերի հարցով քննարկման ժամանակ փորձագետ Արմեն Մանվելյանը կարծիք է հայտնել, որ SOCAR-ը Հայաստան մտնող գազատարով հետաքրքրված է զուտ մեր երկրի հետ հարաբերությունների առումով, առավել եւս, որ արդեն հայտարարվել է. առեւտրային տեսանկյունից բաժնետոմսերի ձեռքբերումը շահավետ չէ: Ըստ փորձագետի՝ խնդիրն այս դեպքում քաղաքական ենթատեքստ ունի: Վրացական կողմը, սակայն, շարունակում է պնդել. կորպորացիան ցանկանում է վաճառքի արդյունքում լուծել իր ֆինանսական խնդիրները: Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլիի հավաստմամբ՝ 25 տոկոսն ընկերության մենեջմենթում հատուկ իրավունքներ չի տալիս, մյուս կողմից՝ Վրաստանը միջազգային պարտավորություններ ունի եւ խստորեն վերահսկելու է գազի տարանցումը: Միջազգային ընկերություն է եւ խաղի կանոններին հետեւելու է նաեւ SOCAR-ը, եւ ցանկացած դեպքում դրամատիկ զարգացումները բացառված են:

Տարին ավարտվում է հերթական կորուստներով: Կյանքից հեռացել է դիվանագետ, Բրազիլիայում Հայաստանի նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանը։ Նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ, ՀԽՍՀ արտգործնախարարություններում, այնուհետեւ՝ անկախ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում: 2002 թվականին Աշոտ Եղիազարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Հանկարծամահ է եղել «Կարգին սերիալ»-ի հայտնի Ջեմման՝ Ժենյա Մկրտումյանը: Դերասանուհին 68 տարեկան էր: Նրան վատ ինքնազգացողությամբ հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները չեն հասցրել որեւէ քայլ ձեռնարկել: Ժենյա Մկրտումյանը Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի էր: Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել մի շարք հեռուստատեսային ներկայացումներում, «Մեր բակը 2»,«Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա», «Եթե բոլորը», «Շնորհակալություն, հայրիկ» եւ այլ ֆիլմերում:

52 տարեկանում կյանքից հեռացել է միջազգային գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: Շախմատի Հայաստանի ութակի չեմպիոնը ծնվել էր 1964 թվականի հուլիսի 16-ին, Երեւանում: Նա միջազգային գրոսմայստեր կոչում է ստացել 1993-ին: Հայաստանի հավաքականի կազմում 6 անգամ մասնակցել է շախմատի Օլիմպիադաների, հուլիսին Դրեզդենում աշխարհի վետերանների թիմային առաջնության փոխչեմպիոն է դարձել:

Համաշխարհային աստղերի շարքերը նույնպես նոսրացան. Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհահռչակ երգիչ Ջորջ Մայքլը: Նա 53 տարեկան էր: Ջորջ Մայքլը կամ Յորղոս Կիրիակոս Պանայոտուն ծնունդով Կիպրոսից էր: Նա 2 անգամ արժանացել է «Գրեմմի», 5 անգամ՝ MTV-ի մրցանակի: Երգչի ներկայացուցիչը չի նշել նրա մահվան պատճառը: Last Christmas հիթը կատարողը կյանքից հեռացել է Սուրբ Ծննդի օրը, որի մասին երգում էր դեռեւս Wham խմբի կազմում:

Եղանակը խափանել է օդանավակայանների աշխատանքն ու մարդկանց ծրագրերը: Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դեպի Երեւան մի շարք չվերթներ են հետաձգվել: «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հետաձգվել են ինչպես Մոսկվա-Երեւան, այնպես էլ Երեւան-Մոսկվա որոշ չվերթներ: Բացի այդ, չեն իրականացվել Երեւան-Կիեւ, Երեւան-Նովոսիբիրսկ, Երեւան-Կրասնոդար չվերթները։

Դեկտեմբերի 26-ին բոլոր հիմնական փոխարժեքների աճ է արձանագրվել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 504, ռուբլունը՝ 7 դրամ 94 լումա, ֆունտինը՝ 592 դրամ:

Դեկտեմբերի 27-ին ձյունը կշարունակի ուրախացնել երեխաներին, իսկ վարորդների համար՝ խնդիրներ ստեղծել: Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումները կշարունակվեն, առանձին հատվածներում բուք եւ ցածր տեսանելիություն կլինի: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ձյան թույլ տեղումներ են սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ