News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումների մասին 745 ահազանգ է ստուգել: Եվս 278 ահազանգ ստացել է ոստիկանությունը: Ստուգումների արդյունքում 9 դեպքով քրեական գործեր են հարուցվել:

Հատուկ քննչական ծառայությունում էլ քվեարկության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործեր կան: Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի եւ «Araratnews.am» կայքի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին է:

Իսկ Հայաստանի նոր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա խորհրդարանի ձեւավորվելուց հետո երրորդ հինգշաբթի օրը: Խորհրդարանը ձեւավորված կհամարվի ապրիլի 9-ին, երբ կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Սակայն ընտրությունների արդյունքների բողոքարկման դեպքում Ազգային ժողովը ձեւավորված կհամարվի արդեն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը նշում է, որ եթե ապրիլի 9-ին Ազգային ժողովը ձեւավորվի, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա ապրիլի 27-ին: Նույն օրն էլ կառավարությունը վայր կդնի լիազորությունները: Դրանից հետո արդեն 10 օրվա ընթացքում նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, նոր վարչապետ կնշանակի:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ազգային ժողով են անցնում 4 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը եւ ՀՅԴ-ն: Հանրապետականը կունենա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը՝ 9 եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ:

Շուտով մայրաքաղաքի բնակիչներին նոր ընտրություն է սպասվում. մայիսի 14-ին նախանշված են Երեւանի ավագանու ընտրությունները: Որեւէ կուսակցություն կամ դաշինք, սակայն, մասնակցության համար դեռեւս փաստաթուղթ չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Ելք»-ը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին եւ սահմանված ժամկետում կներկայացնի բոլոր փաստաթղթերը: Դաշինքի ներկայացուցիչը մեր թղթակցին ասել է, որ որոշումը կայացվել է դեռեւս հուշագիրը ստորագրվելու պահին: Ինչ վերաբերում է քաղաքապետի հավանական թեկնածուն. Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում, որ այդ պաշտոնում կառաջադրվի Նիկոլ Փաշինյանը: Դաշինքում դեռ քննարկում են հարցը:

Իսկ ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն: Կուսակցությունների եւ դաշինքների ցուցակները կգրանցվեն ապրիլի 9-14-ին, իսկ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին: Ոստիկանության տվյալներով՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 841.973 քաղաքացի:

Մերձմոսկվայի Ռազվիլկա ավանում «Մերսեդես»-ի բեռնախցում երկու տղամարդու մարմին են հայտնաբերել: Երկուսն էլ ազգությամբ հայ են: Սպանվածներից Խորեն Մարգարյանը Հայաստանի քաղաքացի է, Միքայել Լալայանը՝ Աբխազիայի: Իրավապահների վարկածով՝ սպանելուց առաջ տղամարդկանց խոշտանգել են:

Խորեն Մարգարյանն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, երկար տարիներ բնակվում էր Մոսկվայում: Մեր տեղեկություններով՝ 36-ամյա Մարգարյանի հարազատներն արդեն Մոսկվա են մեկնել՝ երիտասարդի դին Հայաստան տեղափոխելու համար: «Մերսեդես»-ը երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ կայանված է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն է զանգահարել: Իրավապահները կարծում են, որ սպանությունը պատվիրված է եղել:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի: 49 տուժած դեռեւս հիվանդանոցներում է: Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվել:

Մինչ այդ, սոցիալական ցանցերում պայթյունի ենթադրյալ հեղինակի՝ 22-ամյա Ակբարժոն Ջալալովի նոր լուսանկարներ են գտել: Տեղեկությունների համաձայն՝ Ջալալովն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է Ղրղզստանում: Վերջին տարիներին նա Ռուսաստանում էր բնակվում: Ռուսաստանի իրավապահներն էլ հայտնել են, որ մետրոյում պայթուցիկ սարքը կարող էր գործի դնել տղամարդը, որի մարմնի մնացորդները հայտնաբերել են գնացքի երրորդ վագոնում: Մահապարտի անձը հաստատվել է, սակայն հետաքննության շահերից ելնելով՝ նրա մասին մանրամասն տվյալներ չեն հրապարակվում:

Լոռու մարզում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Շահումյան գյուղի սկզբնամասում «Ford Transit»-ը բախվել է «Volvo EN 400» մակնիշի կիսակցորդով բեռնատարին: «Ford»-ի 38-ամյա վարորդ Արման Թամամյանը հիվանդանոցում մահացել է: Քրեական գործ է հարուցվել՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով:

Դոլարն ամրապնդում է դիրքերը, եվրոն եւ ռուբլին էժանանում են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 515, ռուբլունը՝ 8 դրամ 57 լումա, ֆունտինը՝ 603 դրամ:

Ապրիլի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 1+3, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ