News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Սահմանին ժամկետային զինվոր է վիրավորվել: Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում է ստացել 1997 թվականին ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Նա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է: Հարությունյանի վիճակը ծանր է:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններն անցել են առանց խախտումների: Խոստովանում է. զբաղվել է միայն Արարատի մարզով, որտեղ «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել էր նրա որդին՝ Արգամ Աբրահամյանը: Մամուլում տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ից հեռացած Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստան»-ին է միանալու. հերքեց այդ լուրերը: Նաեւ պատասխանեց քաղաքականություն վերադառնալու մասին հարցին:

Կարեն Կարապետյանի աշխատանքը նախկին վարչապետը դրական է գնահատում: Վստահեցնում է նաեւ, որ իշխանություններից նեղացած չէ, իր համար կարեւորը Հայաստանի տնտեսության զարգացումն է: Պարզվում է՝ երկար տարիներ տարբեր պաշտոններ զբաղեցրած Աբրահամյանը ժամանակ չէր գտնում մտավորական ընկերների հետ շփվելու: Հիմա այդ բացն է լրացնում:

Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել արտասովոր վայրում՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տարածքում եւ հայտարարել, որ Արգիշտի 1-ի ամրոցից Արգիշտի փողոց՝ քաղաքապետարան են տեղափոխվելու: Ինչո՞ւ չմիավորվեցին «Ելք» դաշինքի հետ՝ Երեւանի ավագանու ընտրություններին միասին մասնակցելու համար: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ «Ելք»-ը սպոնտան ձեւավորված միավորում է, իսկ ոչ նույնատիպ գաղափարների, սկզբունքների շուրջ ձեւավորված միավորումները ձախողվում են:

Անդրադարձավ նաեւ իր մյուս մրցակցին՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավելի ճիշտ՝ նրա կարողությանը: Համոզված է, որ նրա ահռելի կարողությունն անմասն չէ Երեւանի բյուջեից: Իր օրինակով գիտի. պետական պաշտոնյան չի կարող նման ունեցվածքի տեր լինել:

Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին: Դրանց արդյունքում էլ նախարարների նոր կաբինետ կձեւավորվի: Որոշման մասին հայտնել է վարչապետ Թերեզա Մեյը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիային ուժեղ կառավարություն է անհրաժեշտ: Ընտրություններ անցկացնելու մասին որոշումը Մեյը կայացրել է սոցիոլոգիական հարցման նոր տվյալների ֆոնին: Դրանց համաձայն՝ իշխող Պահպանողական կուսակցությունը բարելավել է դիրքերը ժողովրդականության վարկանիշում։

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ: Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Օհանովի փողոցում կռիվ է եւ կրակում են: Իրավապահները դեպքի վայրում 5 պարկուճ են հայտնաբերել: Դատաձգաբանական փորձաքննություն է նշանակվել, հետաքննություն է կատարվում:

Արմավիրի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել: Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին «ՈՒԱԶ»-ը բախվել է «ԶԻԼ»-ին: Վթարի հետեւանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներից 2-ը հարվածի ուժից դուրս են շպրտվել «ՈՒԱԶ» ավտոմեքենայից:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռի անձնակազմը բոյկոտել է Մոսկվա-Երեւան թռիչքը: «Յուտէյր» ավիաընկերության օդանավը ժամը 3-ին պետք է Երեւան ժամաներ, սակայն թռիչքից առաջ ուղեւորներից մեկը սկանդալ է հրահրել: Տղամարդը չի ցանկացել էկոնոմ կարգով թռչել եւ բիզնես կարգ է տեղափոխվել: Նկատողություն ստանալուց հետո հայհոյել է ուղեկցորդուհիներին, մտել օդաչուական խցիկ՝ օդանավի «ավագի» հետ «տղամարդավարի» խոսելու համար: Արդյունքում անձնակազմը պարզապես որոշել է չիրականացնել չվերթը: Սկանդալ հրահրած ուղեւորին հեռացրել են չվերթից, իսկ մյուսներին այլ օդանավ ու անձնակազմ է սպասարկել:

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել: Տեղական ժամանակով 10:49-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը Ստեփանավանից 18 կմ դեպի արեւմուտք երկրաշարժ է գրանցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ցնցումները զգացվել են Զորաշենում եւ Սարապատում:

Դոլարի փոխարժեքը շարունակել է նվազել: Ապրիլի 18-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 8 դրամ 66 լումա, ֆունտինը՝ 610 դրամ:

Ապրիլի 19-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես կարճատեւ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ