News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մայիսի 1-ին աշխարհի բազմաթիվ երկրներում տոնում են Աշխատավորի օրը: Հայաստանի կոմունիստներն այսօր Երեւանում ավանդական մայիսմեկյան երթն են անցկացրել: Մասնակիցները կարմիր դրոշներ եւ «Կեցցե՛ մայիսի 1-ը», «Ո՛չ պատերազմին», «Ինչո՞ւ գողացաք մեր քվեները» կարգախոսներով պաստառներ են պարզել: Ակցիան ուղեկցվել է ռուսական եւ հայկական խորհրդային քայլերգերով: Երթին մասնակցող պիոներների շարասյանը նաեւ փողային նվագախումբ է ուղեկցել:

Նշենք, որ Հայաստանում մայիսի 1-ը ոչ աշխատանքային է՝ ի տարբերություն հարեւան Վրաստանի: Չնայած աշխատանքային օրվան՝ մի շարք հասարակական եւ ուսանողական կազմակերպություններ մայրաքաղաք Թբիլիսիում երթ են կազմակերպել: Մասնակիցները բողոքել են երկրում տիրող աղքատությունից եւ սոցիալական անարդարությունից, աշխատողների իրավունքների պաշտպանության կոչ արել:

Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքում մայիսմեկյան ցույցերը վերածվել են իրավապահների հետ բախումների: Երեք ոստիկան է տուժել: Փակ դեմքերով մի քանի ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ հրահեղուկ նյութով լի շշեր ու աղբ են նետել։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազն են կիրառել:

Մայիսմեկյան ցույցի են դուրս եկել նաեւ Թուրքիայի կոմունիստները: Ստամբուլում նրանք չեն խուսափել բռնություններից: Բաքըրքյոյ շրջանում մայիսի 1-ի առիթով կազմակերպված երթի ժամանակ ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախումներ են գրանցվել: Իրավապահներն օդ են կրակել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Մայիսի 1-ը ոչ աշխատանքային է, բայց Երեւանի քաղաքապետի թեկնածուներն այսօր էլ ակտիվորեն աշխատել են: Զարուհի Փոստանջյանը միանգամից մի քանի վարչական շրջան է այցելել: Նախ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական բուկլետներն է բաժանել Երեւանի կենտրոնում՝ նախկին «Փակ շուկա»-ի տարածքում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետում: Աշխատակիցներից մեկը, ի դեպ, փորձել է թույլ չտալ նկարահանում կատարել, բայց կանայք արագորեն լեզու են գտել: Նուբարաշենում էլ Զարուհի Փոստանջյանը խոսել է աղբավայրի խնդրի մասին:

Իսկ մինչ Փոստանջյանը խոսում է աղբավայրի հասցրած վնասներից, Հանրապետական կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանը խոստանում է դրա տեղում աղբի վերամշակման գործարան կառուցել: Գործող քաղաքապետին Նուբարաշենում ջերմորեն են ընդունել:

Տարոն Մարգարյանին հիշել են նաեւ «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ: Նիկոլ Փաշինյանին լրագրողները խնդրել են մեկնաբանել խորհրդարանական ընտրություններում պարտված Առաքել Մովսիսյանի հայտարարությունը, թե աջակցելու է Մարգարյանին, չնայած Երեւանի բնակիչ չէ: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտնի ժողովրդական խոսքն է հիշել:

Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: Նա 52 տարեկան էր: Քյարամի եղբայրը՝ Համիկ Սլոյանը նշել է, որ հայրը վերջին մի քանի օրերին հիվանդանոցում էր: Ասում է՝ Քյարամի դիակը տեսնելուց հետո վախեցած էր, չէր կարողանում իրեն տիրապետել: Հորը կհուղարկավորեն որդու՝ Քյարամի մոտ: Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանին ադրբեջանցի զինվորները սպանել եւ գլխատել էին 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ: Մարդասպանները «հաղթական ավարով» լուսանկարվել էին եւ նկարները տարածել համացանցում:

Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: 15-ամյա տղան ընկել է Լորուտ գյուղի Մարց գետը: Մինչ փրկարարների ժամանելը բնակիչները գետից դուրս են բերել Էդգար Քոչարյանի դին: Նա Շամուտ գյուղի բնակիչ էր:

Վրաստանի Դուշեթի շրջանում ավտոմայրուղում Հայաստանի քաղաքացու պատկանող բեռնատար է այրվել: Բեռնատարը Ռուսաստանից Հայաստան էր ուղեւորվում: Այն դատարկ է եղել: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Շուրջ մեկ ժամ ավտոմայրուղու այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը փակ է եղել:

Երեւանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում, խոշոր պատահար է տեղի ունեցել. «Mercedes» մակնիշի մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, նախ բախվել հաստաբուն ծառին, ապա արտաքին լուսավորման սյանը: Պատահարի հետեւանքով վարորդը՝ 32-ամյա Արթուր Էլիզբարյանը եւ ուղեւորները՝ 20-ամյա Դավիթ Առաքելյանն ու 24-ամյա Հովհաննես Կարապետյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: 20-ամյա Դավիթի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Մայիսի 1-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 527, ռուբլունը՝ 8 դրամ 48 լումա, ֆունտինը՝ 624 դրամ:

Մայիսի 2-ի գիշերը եւ կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես գիշերն ու կեսօրից հետո տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ