News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի քաղաքական դաշտում իրադարձություններն այսօր սրընթաց զարգացան: Անդրանիկ նիստն անցկացրեց 6-րդ գումարման Ազգային ժողովը: Առաջին նիստին ներկա էին հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նիստը մեկնարկեց Գարեգին 2-րդի աղոթքով:

Իսկ Սերժ Սարգսյանը բավական ծավալուն՝ շուրջ 1.5 ժամ տեւողությամբ ելույթ ունեցավ: Անդրադարձավ բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ ընտրական գործընթացին: Հատկապես Ազգային ժողով անցած ուժերին հորդորեց մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները:

Նախագահի ելույթում մեծ բաժին նվիրված էր տնտեսական ծրագրերին, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանը հույս ունի բավական հավակնոտ ցուցանիշներ արձանագրել առաջիկա շուրջ 20 տարիներին: Մասնավորապես, մինչեւ 2040 թվականը նախատեսում է մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն 3.500 դոլարից հասցնել 15.000 դոլարի: Զարգացած տնտեսություն ունեցող երկիր դառնալու համար, նախագահի համոզմամբ, շուկայի փոքրությունը խոչընդոտ չէ:

Տնտեսական զարգացումը պետք է բերի նաեւ ժողովրդագրական աճին. մասնավորապես, նախագահը հույս ունի մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի՝ հիմնականում աղքատությունը կրճատելու ճանապարհով:

Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում ներկա չէին «Ելք» խմբակցության պատգամավորները. նրանք ցուցադրաբար դահլիճ մտան միայն նախագահի հեռանալուց հետո:

Ազգային ժողովի Կանոնակարգ-օրենքի համաձայն՝ անդրանիկ նիստը վարում էր տարիքով ամենամեծ պատգամավորը. այս դեպքում ազգային փոքրամասնությունների ցուցակով խորհրդարան անցած ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովն էր: Ազգային Ժողովի խոսնակի պարտականությունների կատարումը նրան ակնհայտորեն հեշտությամբ չէին տրվում: Նա անընդհատ դիմում էր ավելի փորձառուների օգնությանը: Կնյազ Հասանովի համար առաջին խնդիրը ստեղծեց Նիկոլ Փաշինյանը, որը հենց նիստի մեկնարկին հայտարարեց, որ Հաշվիչ հանձնաժողովում «Ելք»-ը պետք է ունենա ոչ թե մեկ, այլ երկու ներկայացուցիչ: Հասանովը խուճապի մատնվեց, նրան օգնության հասավ Փաշինյանի հետ Ազգային ժողովում մարտնչելու մեծ փորձ ունեցող Էդուարդ Շարմազանովը:

Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգի առաջին հարցը նախագահի ընտրությունն էր: Թեկնածու առաջադրեցին միայն Հանրապետականն ու Ելք-ը. առաջինը՝ Արա Բաբլոյանին, երկրորդը՝ Էդմոն Մարուքյանին: Թեկնածուների ելույթից հետո պատգամավորները նրանց հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: Էդմոն Մարուքյանը մրցակցից հետաքրքրվեց, թե ինչպես է պայքարելու ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների դեմ: Հարցը Բաբլոյանին անկեղծության մղեց:

Մարուքյանին նույնպես իր անցյալը հիշեցրին. ժամանակին նա առաջարկում էր, որ բոլոր պատգամավորները զենք կրելու իրավունք ունենան: Մարուքյանը չհրաժարվեց. այո՛, առաջարկել եմ, բայց նաեւ ասել եմ, որ շատ պատգամավորներ առանց այդ էլ արդեն իսկ զենքով են մտնում խորհրդարան:

Հարցուպատասխանից հետո արդեն միջանցքում մեկնարկեց Ազգային ժողովի նախագահի փակ, գաղտնի քվեարկությունը: Քվեարկության արդյունքում ձայների 88 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ ընտրվեց առողջապահության նախկին նախարար, մասնագիտությամբ մանկաբույժ Արա Բաբլոյանը:

Մարուքյանի ձայների թվերը նույնն էին՝ հակառակ հարաբերակցությամբ. 88 դեմ եւ 12 կողմ: Նիկոլ Փաշինյանի մոտ սա հարց էր առաջացրել: Նա Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, եթե «Ծառուկյան» դաշինքն իրեն ընդդիմություն է հռչակել, ինչպես ստացվեց, որ Մարուքյանի օգտին ընդամենը 12 պատգամավոր է քվեարկել:

Ազգային ժողովի նորընտիր նախագահն իր պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո անցավ փոխնախագահների ընտրությանը: Նոր Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը պետք է ունենա երեք փոխնախագահ՝ նախկին երկուսի փոխարեն, որոնցից մեկը պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի: ՀՀԿ-ն առաջարկեց Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները, ընդդիմության թեկնածուն «Ծառուկյան»  դաշինքից Միքայել Մելքումյանն էր: Թեկնածուների ելույթներից ամենահիշարժանը Շարմազանովի ձոնն էր՝ նվիրված Ազգային ժողովի նախկին ղեկավարությանը:

Սակայն գործը քվեարկության չհասավ. առաջին իսկ նիստի օրը Ազգային ժողովի նորընտիր նախագահը փորձեց խախտել Կանոնակարգ-օրենքը եւ առաջարկեց առանց այս հարցը ավարտին հասցնելու անցնել օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը: Նաիրա Զոհրաբյանն ընդվզեց: Բաբլոյանին կրկին օգնության հասան վետերանները: Փոխնախագահների թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա հաջորդ նիստին:

Մինչ այդ, բաց է մնացել «Ծառուկյան»  դաշինքի ըմբոստացած պատգամավորների մանդատների հարցը: Այսօր բոլորը՝ բացի Խաչիկ Մանուկյանից, Ազգային ժողով էին եկել՝ ասես ոչինչ չի պատահել: Նախօրեին Ծառուկյանը հանդիպել է խմբակցության պատգամավորների հետ: Հրապարակված տեսանյութում ըմբոստացած պատգամավորների տոնն արմատաապես տարբեր էր այն օրվանից, երբ նրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին գնացել՝ ինքնաբացարկի դիմումները հետ վերցնելու, եւ պնդում էին, որ իրենք տեղյակ չեն եղել՝ ինչ փաստաթուղթ են ստորագրել: Գրեթե բոլորը հայտարարել են, որ իրենց կամքով են հրաժարվել մանդատներից եւ հիմա էլ, եթե Ծառուկյանը ցանկանա, պատրաստ են հրաժարվել: Այդ պատգամավորների ճակատագրի մասին լրագրողների հարցին Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում նույնպես հստակ պատասխան չի տվել:

Օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի անդրանիկ նիստի օրը Հայաստանի կառավարությունը հրաժարական տվեց, նախագահն էլ ընդունեց: Ժամեր անց, սակայն, չսպասելով 10-օրյա ժամկետի լրանալուն, վարչապետ պաշտոնում վերանշանակեց Կարեն Կարապետյանին: Վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում կնշանակվեն նաեւ նոր կառավարության անդամները, եւս 20 օրվա ընթացքում կհաստատվի կառավարության ծրագիրը:

Վալերի Պերմյակովին այսօր փոխանցել են Ռուսաստանին: Տեղեկությունը տարածել է արդարադատության նախարարությունը եւ հիշեցրել, որ Ռուսաստանը ճանաչել է Հայաստանի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը: Ռուսական կողմը երաշխավորել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճիռն անվերապահորեն ու լիովին կկատարվի:

Հիշեցնենք, որ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղավոր է ճանաչվել եւ ցմահ ազատազրկման դատապարտվել 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների տուն ներխուժելու եւ ընտանիքի 7 անդամների սպանության համար, այդ թվում՝ 2 երեխայի: Պերմյակովին հայտնաբերել են Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Ռուսական կայազորային դատարանն իր հերթին զինծառայողին տասը տարվա ազատազրկման է դատապարտել՝ դասալքության մեղադրանքով: Հայկական որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն էլ՝ Պերմյակովին փոխանակելու են Ռուսաստանում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Պոդոլսկում Հարությունյանի վարած բեռնատարի եւ ավտոբուսի վթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել:

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված Գրիշա Կարապետյանը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել: Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

34-ամյա Գրիշա Կարապետյանը Վարդենիսի բնակիչ էր: Ամուսնացած էր, երկու անչափահաս երեխաների հայր: Նրան մահացած են հայտնաբերել երեկ առավոտյան:

Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել: Փրկարարներն ահազանգ են ստացել, որ բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին: Բացել են դուռն ու 23-ամյա Արթուր Հարությունյանին սպանված գտել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա սուր կտրող-ծակող եւ բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր կան: Սպանվածին տանը մենակ են գտել. քույրն ու մայրը Երեւանում են եղել: Բնակարանում գույքը տեղաշարժված է եղել, դարակների եւ պահարանների իրերը՝ գետնին թափված: Արթուր Հարությունյանի դին գտել են խոհանոցի հատակին, գլխի շրջանում վնասվածքներով:

Մայիսի 18-ին արտարժույթի շուկայում իրավիճակը նույնն է մնացել. դոլարը թուլացել է, եվրոն՝ ամրապնդել դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 537, ռուբլունը՝ 8 դրամ 35 լումա, ֆունտինը՝ 630 դրամ:

Մայիսի 19-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Երեւանում նույնպես վաղը կարճատեւ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ