Բրյուսելում մայիսի 29-ին տեղի է ունեցել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունեցին Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունակական առաջընթացը: ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է եւ որ կարեւոր է այն արագ եւ արդյունավետ եղանակով կյանքի կոչել:

Ի գիտություն ընդունելով 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը՝ ԵՄ-ն ընդգծեց, որ նախընտրական փուլում եւ ընտրությունների օրը տեղի ունեցած բոլոր ենթադրյալ իրավախախտումների ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետեւողական եւ պատշաճ քննություն, եւ ապահովել արդար պայմաններ բոլոր թեկնածուների համար:

Երկխոսության ընթացքում կարեւորվեց ազատ եւ բազմակարծություն ապահովող լրատվական միջավայրը, ինչպես նաեւ քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների իրականացման նախապայման: ԵՄ-ն հորդորեց Հայաստանին ավելացնել կանանց եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական դաշտում:

ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ընդունել ընտանեկան բռնության մասին առանձին օրենք եւ ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի» (ԿԽՎԿ) Եզրափակիչ դիտողություններին համահունչ՝ գործարկել բռնության զոհերի աջակցության բազմակողմանի ուղղորդման մեխանիզմ, ինչպես նաեւ ընդունել խտրականության դեմ առանձին օրենք, ընդգծելով՝ հանձնառությունը բոլոր մարդկանց իրավունքների համընդհանրության սկզբունքի վերաբերյալ:

Կողմերը կշարունակեն համագործակցել պետական հաստատություններում կարողությունների կատարելագործման ուղղությամբ ի նպաստ կանանց եւ տղամարդկանց հավասարության ապահովման:

ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ստորագրել եւ վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիան):

ԵՄ-ն արձանագրեց Հայաստանում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դրսեւորման կանխարգելման վերաբերյալ օրենսդրության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը եւ ընդգծեց, որ կարիք կա այն է՛լ ավելի ամրապնդել՝ իրականացնելով, մասնավորապես, Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեի Եզրափակիչ դիտողությունները, այդ թվում ներդնելով իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների դեմ կատարված որոշ հանցագործությունների արդյունավետ քննության եւ քրեական հետապնդման անկախ եւ անկողմնակալ մեխանիզմ:

Երկխոսությունը հնարավորություն տվեց բաց եւ կառուցողական մթնոլորտում քննարկել մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում: Երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, խորհրդատվական բնույթի հանդիպումներ էր ունեցել Հայաստանի եւ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) Արեւելյան Գործընկերության բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, իսկ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցեցին նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ)գենդերային հարցերով եւ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձեւի գծով ավագ խորհրդական Մառա Մարինակին: