News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դպրոցականները սեպտեմբերի 1-ից այլ դպրոցում դասի կգնան: Դպրոցների օպտիմալացման արդյունքում գյուղի 9 աշակերտ ունեցող դպրոցը կփակվի եւ նրանք ստիպված կլինեն ամեն օր 5 կիլոմետր ճանապարհ անցնել՝ հարեւան գյուղի դպրոց հասնելու համար:

«Դպրոցը տեխնիկական անձնակազմի հետ միասին 12 աշխատող ունի, դեռ նրանք էլ չգիտեն, թե ինչ են անելու այն փակվելուց հետո: Երեխաները երեւի դպրոց կգնան հարեւան Հատիսի դպրոց, որը մեր գյուղից 5 կիլոմետր է հեռու, թե ոնց են հասնելու այդ գյուղ, չեմ կարող ասել, այդ մասին ոչինչ չգիտեմ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զովաշենի գյուղապետ Սեդրակ Սաֆարյանը:

Զովաշենի դպրոցի ֆիզիակայի ուսուցչուհի Նարինե Սահակյանի համար էլ անակնկալ էր գյուղի դպրոցի փակվելու մասին որոշումը: Նրա խոսքով, այս քայլն առաջին հերթին հոգեբանական ծանր ազդեցություն կունենա հենց աշակերտների վրա, որոնք ստիպված են լինելու ամեն օր երկար ճանապարհ անցնել, նոր միջավայրում սովորել. «Պետք է առաջին հերթին հաշվի առնել երեխայի հոգեբանական վիճակը, չեմ կարծում, որ նրանց տեղափոխելու որոշումը ճիշտ է»:

Նարինե Սահակյանի խոսքով, դպրոցի փակումը կազդի նաեւ գյուղի արտագաղթի ավելացմանը. «Դպրոցը կփակեն, ծերերը կմնան, երիտասարդությունն էլ կարտագաղթի»:

Նրա խոսքով, եթե դպրոցը փակելու որոշում չկայացվեր գյուղն այս տարի կունենար 3 առաջին դասարանցի եւ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը կլիներ 12-ը: Նարինե Սահակյանը նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ դպրոցի 12 հոգանոց անձնակազմը մնալու է առանց աշխատանքի, իսկ առջեւում սեպտեմբերի 1-ն է եւ իրենք այդ մասին նոր են իմանում:

Տպել
Ամենաշատ