News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախաձեռնությամբ կհանդիպեն Ժնեւում: Նշենք, որ Ադրբեջանի նախագահն օրերս կրկին խոսել էր ղարաբաղյան հակամարտության մասին՝ հայտարարելով, թե բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որեւէ նախապայմանի»: Նա հավելել էր, թե մինչեւ հիմա «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը»:

Հայաստանի նախագահի աշխատակազմն Ալիեւի հայտարարությունը սադրանք էր որակել՝ նշելով, որ «մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են. մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով»: Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը կայացել է 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, ՌԴ նախագահի մասնակցությամբ: Իսկ 2016-ի մայիսին նրանք հանդիպել էին Վիեննայում՝ Ջոն Քերիի, Սերգեյ Լավրովի եւ Արլեմ Դեզիրի մասնակցությամբ: Այդ հանդիպումների ընթացքում նախագահները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: Ադրբեջանական կողմը, սակայն, մինչեւ հիմա հրաժարվում է կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

Վանաձորում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել. հոկտեմբերի 12-ի երեկոյան տանը մենակ քնած 4-ամյա երեխան հրդեհի հետեւանքով մահացել է: Նախնական տվյալներով՝ հրդեհն առաջացել է հոսանքով տաքացվող ներքնակի բռնկվելու հետեւանքով: Երեխայի մայրը՝ Նաիրա Կարապետյանը, 5 երեխա ունի: Նրանցից երկուսը երկար ժամանակ է՝ սկեսրոջ խնամքին են, ավագ տղան Երեւանում է աշխատում: Նաիրան խնամում էր մահացած փոքրիկին եւ 7-րդ դասարանում սովորող տղային: Կարապետյանի ամուսինն ազատազրկման է դատապարտված: Վանաձորի շուկայում հավաքարարությամբ ու բեռներ փոխադրելով օրվա հաց վաստակող Նաիրան տարիներ առաջ քաղաքի խնամակալության հանձնաժողովի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ իր երեխային պահելու համար դայակ է վարձել: Որպես դայակ ներկայացած կինը նույնպես հավատացրել է, որ զբաղվում է փոքրիկի խնամքով: Սակայն հանձնաժողովի անդամներն այս ընթացքում տնային այց չեն կատարել եւ չեն ստուգել նրանց խոսքերի իսկությունը, ինչն էլ ողբերգական հետեւանքներ է ունեցել: Դեպքի առիթով քրեական գործ է  հարուցվել:

«Զինված խմբի» գործով դատական նիստն այսօր նույնպես հետաձգվել է: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը կրկին վատ է եղել. մեկ ժամ ուշացումով նիստի մեկնարկից անմիջապես հետո Շիրխանյանը հայտարարել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան տեղափոխելիս ուղեկցող խումբն աստճաններին երկու անգամ գցել է իրեն, ինչից հետո մեջքի շրջանում սուր ցավեր են առաջացել:

Դատարան ժամանած շտապօգնության բժիշկները հետազոտել են նրան եւ խորհուրդ չեն տվել, որպեսզի նա մասնակցի դատական նիստին: Դատարանը որոշում է կայացրել Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխել՝ հետազոտության: Նշենք, որ գործով այսօրվա նիստին պետք է հետազոտվեին քրեական գործում առկա փաստաթղթերը:

Վրաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում: Երկրի խորհրդարանը որոշել է շրջանցել Սահմանադրության փոփոխությունների վրա դրված նախագահի վետոն: Ի սկզբանե քվեարկության էր դրվել նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը խորհրդարանում մերժվել էր։ Հետո քվեարկության էր դրվել փոփոխությունների նախնական խմբագրությունը, որն ընդունվել էր ձայների մեծամասնությամբ: Փոփոխությունների նախագիծն արժանացել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի հավանությանը:

Նշենք, որ Գեորգի Մարգվելաշվիլին դեմ էր նախագահի ընտրության կարգը փոխելու՝ խորհրդարանի առաջարկին: Նախագծի համաձայն՝ Վրաստանը կառավարման կիսանախագահական կարգից անցում է կատարում խորհրդարանական կառավարման: Դա ենթադրում է նախագահի ուղղակի ընտրության չեղարկում եւ նրա լիազորությունների կրճատում, ինչին էլ դեմ էր Մարգվելաշվիլին: Մյուս խնդրահարույց կետը վերաբերում է բացառապես համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետներին: Նախագահի առաջարկով՝ Սահմանադրության այս դրույթը հարկավոր է գործարկել 2020 թվականին՝ նախապես ծրագրված 2024 թվականի փոխարեն։

Իրաքի զորքերը Քիրքուքի գրավման գործողություն են սկսել: Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրաքի զինված ուժերն առաջ են շարժվում, որպեսզի գրավեն 2014 թվականի հունիսի իրադարձությունների ժամանակ կորցրած դիրքերը: Փեշմերգայի հրամանատարությունը հայտարարել է, որ անցած գիշեր Իրաքի զինվորականներն ու ռազմական կազմավորումները Քիրքուքի հարավից սկսել են առաջ շարժվել՝ հարձակման նպատակով: Քիրքուք փեշմերգայի հազարավոր զինյալներ են ուղարկվել:

Իրաքի վարչապետը, սակայն, հերքել է քրդական շրջանների վրա հարձակում նախապատրաստելու մասին լուրերը: Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ Բաղդադը բանակը երբեք չի օգտագործի ժողովրդի կամ քուրդ քաղաքացիների դեմ պատերազմի համար՝ հավելելով, որ իրենց պարտականությունն է պահպանել երկրի միասնությունն ու պաշտպանել քաղաքացիներին:

Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում: Հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ, որն արդեն 3500 շենք է ոչնչացրել: Սանտա Ռոզա քաղաքում մի քանի թաղամաս մոխրակույտի է վերածվել: Ավելի քան 25 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: Հյուսիսային Քալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառները դեռեւս չեն պարզել:

Դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը, իսկ եվրոն փոքր-ինչ թուլացել է: Հոկտեմբերի 13-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 34 լումա, ֆունտինը՝ 638 դրամ:

Հոկտեմբերի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 16-ից օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ