Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, համաձայնել է ապահարզան տալ, կողմերը հրաժարվել են հաշտեցումից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆենովը։
«Այս պահի դրությամբ մեր ներկայացրած պահանջները նրանք ընդունել են»,- ասել է փաստաբանը եւ հավելել, որ դատարանը, օրենքին համապատասխան, կողմերին առաջարկել է հաշտվել, սակայն 2 կողմն էլ հրաժարվել են։
Հինգշաբթի Կունցեւոյի հաշտարար դատական №202 տեղամասը Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացի կողմերի հետ զրույց է անցկացնում: Նիստը փակ ռեժիմով է ընթանում:
82-ամյա դերասանի եւ նրա 38-ամյա կնոջ միջեւ հրապարակային սկանդալը սկսվել է այն բանց հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել եւ շուտով ասել, որ պատրաստ չէ ներելու կնոջը, որը, նրա խոսքով, իրեն մեծ ցավ է պատճառել:
Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին սեփական ցանկությամբ ազատվել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից եւ հայտնել է ապահարզան տալու մտադրության մասին:
Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն եւ իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:
Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել էր, որ նա մոր հետ Ռուսաստանից հեռացել է, բայց խոստացել է վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի: Նրա մայրը նշել է, որ դուստրը հեռացել է՝ հետեւանքներից զգուշանալով: