Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալներից Հրայր Թոփչյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հրաժարվեց ցուցմունք տալ:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հրայր Թոփչյանը հայտարարեց, որ ցուցմունք կտա միայն այն դեպքում, եթե փորձագետ հրավիրվի:

«Ես հարցերին կպատասխանեմ, բայց մի հայտարարություն անեմ. Հայաստանի Քննչական կոմիտեն իմ ցուցմունքները եւ քննչական գործողությունների այլ արդյունքներն ինձնից կորզել է պարտադրանքով, որոնց ես կանդրադառնամ հետագայում: Ես հաստատում եմ մայիսի 21-ին տվածս ցուցմունքս»,- ասաց ամբաստանյալը:

Կողմերի հարցերին ի պատասխան՝ Հրայր Թոփչյանը պատմեց, որ իր մեքենայում հայտնաբերված զենքերն իրեն են պատկանում. «92-94 թվականից իմ մոտ մնացած զենքերից են, դրանցից մեկը պատկանել է իմ մարտական ընկերոջը, որն արդեն չկա, մյուսն իմ զենքն է: Դրանք ես պահել եմ հիշատակի համար: Ես զենքերը փոխանցել եմ, բայց թե հիմա էս գործով զենքերն իմ զենքերն են եղել, թե չէ, չեմ կարա ասեմ, չեմ իմանում»:

Նշենք, որ Հրայր Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք: Ըստ մեղադրանքի Թոփչյանը նպատակ է ունեցել պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Հրայր Թոփչյանը, մեղադրանքի համաձայն, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերդարձնելու ժամանակ ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության բաժին:

Դատարանում Հրայր Թոփչյանը նշեց, որ պատերազմից հետո այդ զենքերն իր մոտ պահել է փաթեթավորված վիճակում: Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին՝ երբ է այդ զենքերը փոխանցել ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանին, Հրայր Թոփչյանը նշեց, որ ձերբակալվելուց շուրջ 1 ամիս առաջ. «Խոսակցություններ կային, որ գողություն պիտի կատարվի, ես էդպես պահպանելու նպատակով դրանք փոխանցեցի, ասացի՝ եթե կարա, ուշադիր լինի»:

Ավելի քան 1 ժամ տեւած հարցաքննությունից հետո Հրայր Թոփչյանը հրաժարվեց այլեւս պատասխանել մեղադրողների հարցերին: