2017 թվականին ավարտվեցին Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի նախագծման աշխատանքները։ 2018 թ. հունվարի 18-ին այն կներկայացվի մասնագիտական աշխատանքային խմբի քննարկմանը՝ վերջնականացնելու նպատակով։
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականին գործընթացը կմտնի հաջորդ փուլ, այն է՝ ցանցի հաստատման, ծառայության չափորոշիչների եւ սկզբունքների սահմանման, կառավարման եւ գնման հայեցակարգերի մշակման փուլ:
Նշենք, որ 2017թ. սկզբին ձեւավորվեց մասնագիտական աշխատանքային խումբ՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի ղեկավարությամբ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված բրիտանական WYGI խորհրդատվական ընկերությունը սկսեց աշխատել Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի նախագծման ուղղությամբ։
Դեռեւս 2017 թ. ապրիլին կայացած մասնագիտական խմբի առաջին նիստում Երեւանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը հայտարարեց, որ փոխլրացման սկզբունքով եւ միասնական կառավարման համակարգով գործող նոր համակարգի հանդեպ առաջադրվելու են բարձր տեխնիկական պահանջներ թե՛ ավտոպարկի եւ թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։
«Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաեւ այն, որ Երեւան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար», - նիստի ընթացքում նշեց Վահե Նիկոյանը։




























