News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Դիարբեքիրում սասունահայի կողմից լավաշի փուռ է բացվել։

Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է Akunq.net–ի թղթակիցը, փուռը բացած այդ սասունահայը` Էրհան Յամանը, զրույցում հայտնեց, որ երկար տարիներ ապրել է Մուշում, որտեղ բազմաթիվ լավաշի փռեր էին առկա, բայց քանի որ Տիգրանակերտում չկային, անհրաժեշտ է համարել այստեղ նման թոնրատուն բացել:  Այս փուռը բացել կարողանալու համար նա գնացել է Հայաստան և հարցուփորձ արել, թե ինչպես կարելի է փռի համար անհրաժեշտ սարքավորումներ գտնել, ապա` դրանց մի մասը տեղադրել է Հայաստանից Դիարբեքիր եկած վարպետների կողմից: Երբ փուռը պատրաստ է եղել, նա, դարձյալ Հայաստանից, 3 վարպետ է տեղափոխել այստեղ, ովքեր նրան ու իր եղբայրներին սովորեցրել են` ինչպես լավաշ թխել:

Հայաստանից այստեղ ժամանած վարպետներ Արաքս Մարտիրոսյանը, Արթուր Աղեկյանը եւ վերջինիս կինը` տիկին Հասմիկը, մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք երջանիկ են մայր հայրենիքում գտնվելու կապակցությամբ և հպարտ` Տիգրանակերտում առաջին անգամ լավաշի փուռ բացելու գործում իրենց ունեցած ներդրման համար: Տիկին Հասմիկը հայտնեց, թե իրենց համար մեծ պատիվ է հայկական լավաշը Դիարբեքիրում կրկին տարածելը: Նա նաև հաղորդեց, որ իրենք ունեն 5 զավակներ, որոնց թողել են Երևանում:

2018 թ. հունվարի 20-ին «Արարատ-թոնիր-լավաշ» թոնրատունը հանդիսավոր կերպով բացվեց` Տիգրանակերտում ապրող հայերի, մեծամասամբ` այստեղի սասունահայերի մասնակցությամբ: Թոնրատան բացմանը մասնակից հյուրերին փռի տեր Էրհան Յամանը հյուրասիրեց թոնրում փխված լավաշ և չիղ քյոֆթե (կոտլետի տեսակ, որը պատրաստվում է բլղուրով-Ակունքի խմբ.): Բացման մասնակիցները  զրույցում ընդգծեցին, որ շատ են հավանել նոր թխված լավաշը, գնելու են դրանից և իրենց տուն տանելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ