News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 12
Տեսնել լրահոսը

Այսօր՝ 2018թ․ փետրվարի 4-ի առավոտյան, կյանքի 90-րդ տարում վախճանվել է աստղաֆիզիկոս Էդուարդ Երեմի Խաչիկյանը։ Այդ մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Է. Խաչիկյանը ծնվել է 1928թ.-ի դեկտեմբերի 16-ին, Երեւանում։ 1951թ.-ին ավարտել է ԵՊՀ աստղաֆիզիկայի բաժինը։ Նա այդ բաժնի առաջին շրջանավարտներից էր։ Նա ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր (1975թ.), պրոֆեսոր (1982թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկսոս (1996թ.)։ 1960-1969թթ. եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղարը, 1970թ.-ից՝ սպեկտրադիտության լաբորատորիայի վարիչ, 1980-1985թթ.՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը։ Խաչիկյանը Բյուրականի աստղադիտարանի տնօրենն էր 1988-1993թթ. եւ 1999-2003թթ.-ին։

Խաչիկյանի աշխատանքները վերաբերում են գազափոշային եւ գիսավորաձեւ միգամածություններին, միգամածությունների ճառագայթման բեւեռացմանը, աստղասփյուռներին եւ գերաստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, ակտիվ գալակտիկաներին։ Հայտնի է Մարգարյանի գալակտիկաների առաջին սպեկտրային դիտումներով, Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաների հայտնաբերմամբ եւ այդ գալակտիկաների դասակարգմամբ։

Է. Խաչիկյանն այն աստղագետներից է, ով հնարավորություն է ունեցել իր ուսումնասիրություններն իրականացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Գերմանիայի ամենամեծ աստղադիտակներով։

Որպես գիտական հետազոտությունների արդյունք տպագրել է 160-ից ավելի գիտական հոդվածներ եւ ակնարկներ։

Խաչիկյանն անդամակցել է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, 1967թ.), այլ միջազգային կազմակերպությունների։ Եղել է ՄԱՄ թիվ 28 «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահը։ Պարգեւատրվել է պետական եւ գիտական պարգեւներով եւ մրցանակներով։

Տպել
Partner news