ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համաշխարհային տենոր, օպերային արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգ: Այս մասին NEWS.am—ին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

Համերգի հատուկ հյուրն է Գեղամ Գրիգորյանի վաղեմի ընկեր, բեմական գործընկեր, իսպանացի օպերային երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից մեկը։ Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին է՝ Վարդան Գրիգորյանը։

Համերգին ընդառաջ՝ Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի, տենոր Պլասիդո Դոմինգոյի, Գեղամ Գրիգորյանի զավակների՝ Հասմիկ Գրիգորյանի և Վարդան Գրիգորյանի:

Երևանը՝ դասական երաժշտության կենտրոն՝ COP17 համաժողովի մասնակիցների համար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մեծանուն արվեստագետների հոբելյաններն ըստ արժանվույն նշելը՝ ընդգծելով, որ նրանց թողած հոգևոր ժառանգությունը ուղենշային է հասարակության կյանքում:

«Այս օրերին, երբ Երևանը դառնում է համաշխարհային մայրաքաղաք՝ հյուրընկալելով նաև COP17 համաժողովը, կարծում եմ՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված այս հրաշալի համերգը, որը միավորել է օպերային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներին, մեր մայրաքաղաքը դարձնում է համաշխարհային դասական երաժշտության կենտրոն նաև Երևան ժամանող հյուրերի համար»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել Պլասիդո Դոմինգոյին և Գեղամ Գրիգորյանի ընտանիքին և Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավարին՝ նախաձեռնության համար։

Արվեստը սահմաններ չի ճանաչում

«Մենք միշտ ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանում, և, վստահաբար, Գեղամ Գրիգորյանի հետ ձեր ունեցած մտերմությունը և համատեղ փորձառությունը Ձեր՝ այստեղ լինելու շատ կարևոր հավաստիքն են լինելու: Վստահ եմ՝ Ձեր արվեստի երկրպագուներին հրաշալի երեկո է սպասվում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Երեկոյին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում նաև հենց ընտանիքի մասնակցությունը՝ այն դարձնելով ավելի ջերմ և հուզական։ Եվ, իհարկե, շնորհակալություն պարոն Դուրգարյանին, որը, ինչպես շատ հաճախ է լինում, միավորել է բոլորին Օպերային թատրոնի հյուրընկալ հարկի տակ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում և ճիշտ արժեքների շուրջ համախմբվում են բոլորը»,- ասել է նախարարը և հավելել՝ համերգն անփոխարինելի փորձառություն և հնարավորություն է համաշխարհային աստղերի հետ նույն բեմում հանդես եկող երիտասարդ արտիստների համար։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև, որ Կառավարության և մշակութային հաստատությունների հետևողական քաղաքականության արդյունքում ընդլայնվում է մշակույթի ոլորտի միջազգային համագործակցությունը, ինչի ապացույցն է նաև Օպերային թատրոնում նախատեսվող այս համերգը:

Գեղամ Գրիգորյանը հրաշալի ձայն ուներ․ Պլասիդո Դոմինգո

Համաշխարհային աստղ, տենոր Պլասիդո Դոմինգոն նշել է, որ բարի հիշողություններ ունի՝ կապված Գեղամ Գրիգորյանի հետ. «Գեղամ Գրիգորյանը հրաշալի ձայն ուներ: Հատկապես հիշում եմ նրա կատարումները Մետրոպոլիտեն օպերայում, Լա Սկալայում և այլուր: Դրանք տպավորիչ ելույթներ էին»:

Սա մեր ընտանիքի պատմությունն է, որը ներկայացվելու է Օպերայի բեմից

Ներկաներին ողջունել և ԿԳՄՍ նախարարությանն ու Օպերային թատրոնին միջոցառման նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը. «Սա պարզապես համերգ չէ. այն մեր ընտանիքի պատմությունն է, որը ներկայացվելու է Օպերայի բեմից: Ամենակարևորը, որ հայրս սովորեցրել է, հետևյալն է՝ երաժշտությունը կարևոր է, սիրել գործը, որով զբաղվում ես, ևս կարևոր է, բայց ամենակարևորը՝ լավ մարդ լինելն է»,- ասել է Հասմիկ Գրիգորյանը:

Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Գեղամ Գրիոգորյանի որդին՝ համերգի երաժշտական ղեկավար և դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նա պատմել է Գեղամ Գրիգորյանի մասին հուշեր՝ ընդգծելով, որ նա բեմում և ընտանիքում տարբեր մարդ էր:

Հուշամեդալներ Պլասիդո Դոմինգոյին և Հասմիկ Գրիգորյանին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը հուշամեդալներ է հանձնել Պլասիդո Դոմինգոյին և Հասմիկ Գրիգորյանին՝ ի նշանավորումն Գեղամ Գրիգորյանի 75-ամյակի նրանց բացառիկ ներկայության:

Կարեն Դուրգարյանի համոզմամբ՝ արժևորելով մեծանուն երգչին՝ պետք է ստեղծել նրա անվան միջազգային մրցույթ կամ փառատոն. «Գեղամ Գրիգորյանն առաջիններից էր, որը ճանապարհ բացեց երիտասարդների համար դեպի մեծ բեմ: Նա այն մեծությունն է, որի անունը պետք է փոխանցենք սերունդներին՝ հավերժացնելով նրա անունը մրցույթի կամ փառատոնի ձևաչափով»:

Գալա համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին: Այն կմիավորի ինչպես Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, այնպես էլ սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին՝ ներկայացնելով նրա ստեղծագործական ժառանգությունն ու հիշատակը։