Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ 40-օրյա պատերազմից հետո Իրանն ավելի ժամանակակից սպառազինություն է ստացել, փոխանցում է Mehr-ը։

Բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբիի խոսքով՝ իրանական զինված ուժերը պատրաստ են նոր հարձակման դեպքում ավելի կոշտ պատասխան տալ։

Թեհրանում լույս տեսնող անգլալեզու պարբերականին տված հարցազրույցում Մոհեբին չի բացառել ռազմական հակամարտության վերսկսման հնարավորությունը։ Նա նոր պատերազմի սանձազերծումն անվանել է անխոհեմ քայլ Վաշինգտոնի կողմից, սակայն ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կարող է արտաքին քաղաքական հաջողություն անհրաժեշտ լինել միջանկյալ ընտրություններից առաջ։

«Իրանը պատրաստ է յուրաքանչյուր նոր ագրեսիայի պատասխանել ավելի մեծ ուժով, քան նախկինում»,- ընդգծել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ հնարավոր հարձակման հետևանքները Միացյալ Նահանգների համար «ավելի ցավոտ» են լինելու, քան նախորդ անգամ։

Մոհեբին քննադատել է նաև արտերկրյա հակամարտություններում ամերիկյան ռազմական գործողությունների լուսաբանումը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ առաջատար լրատվամիջոցները հանրությունից թաքցնում են իրերի իրական վիճակը և ամբողջությամբ չեն ներկայացնում ամերիկյան զինված ուժերի գործողությունները։

Բացի այդ, ԻՀՊԿ ներկայացուցիչը հերքել է ամերիկացի պաշտոնյաների պնդումներն իրանցի պաշտոնյաների միջև տարաձայնությունների և անբավարար փոխգործակցության մասին։

Նա այդ հայտարարություններն անվանել է «լիովին կեղծ»՝ նշելով, որ Վաշինգտոնն օգտագործում է դրանք՝ Իրանի դեմ պատերազմում իր ձախողումները արդարացնելու համար։