Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի շուրջ պայմանավորվածությունների մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
Ճեպազրույցի ընթացքում Պեսկովն առաջարկել է հստակեցնել՝ արդյոք սահմանված են հնարավոր զինադադարի սահմանները և թե որ օբյեկտներն է այն ընդգրկելու: Ստանալով բացասական պատասխան՝ Կրեմլի խոսնակը համաձայնել է այդ գնահատականին՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը: Ավելի ուշ, սակայն, Կրեմլում պարզաբանել էին, որ այս հարցով շփումները դեռ ավարտված չեն։





























