Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ավստրալական MRead ընկերության ինժեներներին հաջողվել է ստեղծել ականորսիչ սարք, որը կարող է ուղղակիորեն հայտնաբերել պայթուցիկ նյութը՝ մագնիսական ռեզոնանսի միջոցով։
Ժամանակակից ականները մշտապես կատարելագործվում են։ Օրինակ՝ հայտնվել են «խելացի» ականներ, որոնք արձագանքում են կոնկրետ օբյեկտների, պլաստիկ ականներ, որոնք դժվար է հայտնաբերել սովորական ականորսիչով, որոշակի ժամանակում ինքնաոչնչացման ծրագրավորված ականներ և այլ տեսակներ։ Սակայն մինչ օրս հողում գտնվում են միլիոնավոր չպայթած ականներ, որոնք մահացու վտանգ են ներկայացնում։
MRead ընկերության MineReader ականորսիչը մշակվել է ավստրալական CSIRO գիտական գործակալության հետազոտությունների նյութերի հիման վրա, փոխանցում է Techcult-ը։ Ընկերության ինժեներները հրաժարվել են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման ավանդական՝ էլեկտրամագնիսական ինդուկցիայի մեթոդից՝ նախընտրելով ֆիքսել պայթուցիկ նյութի (RDX) սիգնատուրան։
Օրինակ՝ հեքսոգենը (C3H6N6O6), որը մոլեկուլում պարունակում է ազոտի 6 ատոմ, կարելի է հայտնաբերել մագնիսական ռեզոնանսի միջոցով, քանի որ պայթուցիկ նյութի բյուրեղային մատրիցայում ազոտի ատոմները յուրահատուկ կերպով են արձագանքում ռադիոհաճախական իմպուլսներին, ինչը հետագայում հնարավոր է ֆիքսել և վերլուծել։
Մշակողների խոսքով՝ սովորական ականորսիչի չափսերի կոմպակտ MineReader-ը կարող է 50 գ հեքսոգեն հայտնաբերել մինչև 13 սմ խորության վրա (նույնիսկ խոնավ, հանքայնացված հողում, բազմաթիվ մետաղական և օրգանական բեկորների միջավայրում)։




























