Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կուզնեցովի դատավարությունը։ Կուզնեցովին մեղադրում են 2022 թվականին Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցմանը մասնակցելու մեջ, հայտնում է dpa-ն։
Պաշտպանության կողմը պահանջել է կարճել գործը՝ հայտարարելով, որ ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքն անհիմն է, իսկ հարձակման մեջ Կուզնեցովի առաջնային դերի մասին ապացույցները՝ անբավարար։
Դատական քննությունը մեկնարկել է չորեքշաբթի օրը Համբուրգի բարձրագույն երկրամասային դատարանում։ Սա առաջին դատավարությունն է միջազգային լայն արձագանք ստացած գազատարների դիվերսիայի ենթադրյալ մասնակիցներից մեկի նկատմամբ։
Մեղադրող կողմի վարկածով՝ Ուկրաինայի զինված ուժերի 50-ամյա սպա Կուզնեցովը, ուկրաինական իշխանությունների հանձնարարությամբ, մասնակցել է խողովակաշարերի ոչնչացման ծրագրի մշակմանը։
Նրան մեղադրում են պայթուցիկ նյութեր կիրառելու, ենթակառուցվածքներ ոչնչացնելու և հանրային ծառայությունների աշխատանքը խաթարելու մեջ։ Քանի որ ենթադրյալ հարձակումը, ըստ մեղադրանքի, իրականացրել են զինվորականները՝ ուկրաինական իշխանությունների գիտությամբ, գործը ներառում է նաև ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ։
Դատախազության տվյալներով՝ Կուզնեցովը ղեկավարել է խումբ, որի կազմում եղել են պրոֆեսիոնալ ջրասուզակներ, առագաստանավի նավապետ և պայթուցիկ նյութերի մասնագետ։ Գերմանական Ռոստոկ քաղաքում վարձակալված նավով նրանք, ըստ մեղադրանքի, հզոր պայթուցիկ սարքեր են հասցրել Դանիայի Բորնհոլմ կղզու շրջան և դրանք ամրացրել ծովի հատակին գտնվող խողովակաշարերին։ Ժամացույցային մեխանիզմով սարքերը գործարկվել են 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։
Պայթյունների հետևանքով լրջորեն վնասվել են «Հյուսիսային հոսք - 1» և «Հյուսիսային հոսք - 2» գազատարները։ Ավելի ուշ խողովակաշարերի չորս ճյուղերից երեքում հայտնաբերվել էր գազի չորս արտահոսք։ Մինչ դիվերսիան «Հյուսիսային հոսք - 1»-ով ռուսական գազը մատակարարվում էր Գերմանիա, իսկ «Հյուսիսային հոսք - 2»-ը այդպես էլ շահագործման չէր հանձնվել։
Մեղադրող կողմը ենթադրում է, որ հարձակման նպատակը եղել է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո պատերազմ վարելու Ռուսաստանի ֆինանսական կարողությունների թուլացումը։ Ընդ որում, նախորդող ամիսներին Մոսկվան արդեն իսկ բազմիցս կրճատել կամ կասեցրել էր «Հյուսիսային հոսք - 1»-ով գազի մատակարարումները։
Կուզնեցովին ձերբակալել են 2025 թվականի օգոստոսի վերջին՝ Ադրիատիկ ծովի իտալական ափին ընտանեկան հանգստի ժամանակ։ Երեք ամիս անց նրան արտահանձնել են Գերմանիային, որտեղ նա նախաքննության ընթացքում վերցվել է կալանքի տակ։
Պաշտպանության կողմը վիճարկում է արտահանձնման օրինականությունը՝ պնդելով, որ իտալական դատարանները որոշում են կայացրել՝ առանց ռազմական հանցագործությունների մեղադրանքի մասին իմանալու։
Նիստի մեկնարկից առաջ դատարանի շենքի մոտ հավաքվել է շուրջ 20 ուկրաինացի։ Նրանք կոչ են արել Կուզնեցովին մեղավոր չճանաչել ռազմական հանցագործությունների մեջ։
Բողոքի ակցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինան սեփական գոյատևման համար պաշտպանվելու իրավունք ունի։





























