ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել  «Գազպրոմին» շարունակել Ուկրաինային գազ մատակարարել Ստոկհոլմի արբիտրաժի որոշման համաձայն, հաղորդում է DW- ն:

«Գազի մատակարարումը եւ տրանզիտը չեն կարող լինել քաղաքական զենք։ Ռուսաստանը պետք է ապացուցի, որ գազի հուսալի մատակարար է»,-մարտի 3-ին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը:

Միեւնույն ժամանակ, արձագանքելով «Գազպրոմի» գործողություններին, Ուկրաինայի «Նավթոգազ» պետական նավթային եւ գազային ընկերությունը ստորագրել էր գազի մատակարարման պայմանագիր լեհական PGNiG ընկերության հետ: Մատակարարվող գազի ծավալը պայմանագրով կկազմի ավելի քան 60 մլն խորանարդ մետր, եւ պայմանագիրը կգործի մինչեւ մարտի վերջ:

Փետրվարի 28-ին Ստոկհոլմի արբիտրաժը որոշել էր, որ «Գազպրոմ»–ը «Նավթոգազ»–ին պետք է 4.6 միլիարդ դոլար վճարի պայմանագրով նախատեսված ծավալներն Ուկրաինայով չփոխադրելու համար: Հաշվի առնելով «Գազպրոմ»–ին «Նավթոգազ»–ի ունեցած պարտքը՝ արբիտրաժը որոշել էր, որ Գազպրոմը պետք է 2.56 միլիարդ դոլար վճարի ուկրաինական կողմին:

Դրան ի պատասխան՝ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը որոշել է խզել ուկրաինական «Նավթոգազ»–ի հետ գազի մատակարարման եւ տարանցիկ փոխադրման պայմանագրերը, իսկ Ստոկհոլմյան արբիտրաժի որոշումն անվանել «ասիմետրիկ»՝ հիմնված երկակի ստանդարտների վրա:

Ուկրաինայի  նախագահ Պյոտր Պորոշենկոն աջակցություն էր հայտնել որոշմանը՝ Ուկրաինայի քաղաքացիներին կոչ անելով մեկ աստիճանով իջեցնել իրենց տան ջերմաստիճանը։