News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Մարտակերտի հարեւանությամբ՝ չեզոք գոտում, ականի վրա «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է պայթել: Պատահարի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 2 վիրավոր կա: Բոլորն Արցախի բնակիչներ են, բրիտանական HALO Trust կազմակերպության աշխատակիցներ:

Պայթյունի հետեւանքով զոհված սակրավորներն են Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանն ու Սամսոն Ավանեսյանը, իսկ վիրավորները՝ 43-ամյա Արամ Մկրտչյանն ու 31-ամյա Գարիկ Ղահիրյանը: Արամ Մկրտչյանի մոտ ներքին արյունահոսություն է, փայծաղի պատռվածք: Նրան վիրահատել են. բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: Իսկ Գարիկ Ղահիրյանն ականապայթյունային վիրավորում է ստացել զույգ ստորին վերջույթների շրջանում. երկու վերջույթներն էլ անդամահատել են: Նրա վիճակը ծանր է գնահատվում:

Երեւանում բացվել է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը: Հայկական ընկերություններից բացի՝ ցուցահանդեսին մասնակցում են նաեւ արտասահմանյան կազմակերպություններ, այդ թվում՝ ռուսական, եվրոպական եւ ասիական: Ներկայացված են սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում նվաճումները, օտարերկրյա կազմակերպությունների արտադրատեսականին: «ԱրմՀայԹեք-2018»-ի շրջանակում նախատեսված է նաեւ գիտագործնական ծրագիր: Դրան մասնակցելու նպատակով Հայաստանում են ավելի քան 10 երկրների եւ ՀԱՊԿ-ի պատվիրակությունները:

Լրագրողներին Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժժովը հայտնել է, որ այս տարի Ռուսաստանը 100 միլիոն դոլարի նոր պաշտպանական վարկի շրջանակում զենք կմատակարարի Հայաստանին: Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ Երեւանը մտադիր է Մոսկվայից «ռազմավարական զսպման» զենք ձեռք բերել:

Արմեն Աշոտյանն արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներ է արել Հայաստանի կառավարությանը: Դրանք կապված են այն փաստի հետ, որ ԵՄ մի շարք երկրների պարագայում մուտքի վիզա ստանալու համար Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն թուրքական «ՎիզաՄետրիկ» կազմակերպությանը: Աշոտյանը խոստացել է նաեւ տեղեկացրել կառավարության պատասխանի մասին:

Նշենք, որ վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման կարգի փոփոխության մասին Գերմանիայի դեսպանը հայտնել է երեկ: «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական է, կենտրոնակայանը Թուրքիայում է: Գերմանացի դիվանագետը նշել է, որ ընկերությունն այս ոլորտում մեծ փորձ ունի եւ շահել է Հայաստանում ու Միջին Ասիայում ծառայությունների մատուցման մրցույթում: Մաթիաս Քիսլերը, միաժամանակ, վստահեցրել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ անձնական տվյալների պաշտպանությունն իրենց համար բարձրագույն արժեք է:

Պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանին կառավարությունը բնակարան է նվիրում: Որոշման նախագիծը գործադիրի այսօրվա նիստում քննարկվել է փակ ռեժիմով: Նիստից հետո հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվեն «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գրանցված 6-րդ մասնաճյուղի մեջ մտնող շենքերը, շինությունները եւ սպասարկող տարածքը: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ից, երբ կավարտվի նախագահի լիազորությունների ժամկետը:

Գործադիրն այսօր որոշել է նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներն անցկացնել սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: Երեւանի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի, իսկ օրը փոխելու պատճառը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն է. Հայաստանն այն հյուրընկալելու է նոյեմբերին:

Կարեն Կարապետյանն այսօր առաջարկել է փոխել նաեւ մարզերի զարգացման ծրագրերի ներկայացման ժամկետը: Մինչեւ հիմա մարզպետերը դրանք ներկայացնում էին փետրվարի 15-ին: Վարչապետը կարծում է՝ շատ ուշ է: Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում էլ Դավիթ Լոքյանին ուղղված հարցերը հիմնականում քաղաքական են եղել: Հնչել է ավանդական հարցը. Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ եք Հայաստանի վարչապետի պաշտոնում: Իսկ նախարարն իրեն տեսնո՞ւմ է նոր կառավարության կազմում, հաշվի առնելով վերջին շրջանում մամուլի հրապարակումները, թե իր եւ դաշնակցական մեկ այլ նախարար Լեւոն Մկրտչյանի հետագա պաշտոնավարումը կասկածի տակ է: Դավիթ Լոքյանը պատասխանել է, թե մամուլում ամեն ինչ էլ հնարավոր է. մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, պաշտոնանկ են արվում: Բայց նման հարց, գոնե իր հետ կապված, դրված չէ:

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում կիրակի բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով զոհերի թվում 2 հայ կա, չնայած Ռուսաստանի ԱԻՆ-ը նախապես այլ տեղեկություն էր տրամադրել: Ռուսաստանի հայերի միությունից Գեորգի Անտոնով-Միրզախանյանը մեր թղթակցին ասել է, որ զոհվածներն են Դմիտրի Սարգսի Գալանինն ու նրա որդին՝ Միխայիլը: Հայրը 43 տարեկան էր, որդին՝ 10 տարեկան: Դմիտրի Գալինինը թիկնապահ էր:

Անտոնով-Միրզախանյանի տեղեկացմամբ՝ մարտի 25-ին հայր ու որդի առեւտրի կենտրոն էին գնացել՝ միասին ժամանակ անցկացնելու: Զոհված հայերի հիշատակին այսօր տեղի եկեղեցում պատարագ է մատուցվել: Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով 64 մարդ է զոհվել, 79 տուժած կա: Զոհերի թվով ողբերգական այս պատահարը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է:

Ալավերդիում 3-րդ հարկից ընկած 2 տարեկան երեխան մահացել է: Նա մի քանի օր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր: Բժիշկների տեղեկացմամբ՝ փոքրիկ Մարիետան շենքի 3-րդ հարկից ընկել էր գլխի վրա ու կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացել: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին:

Ռուսաստանի դեմ սկսված արշավը հասավ նաեւ սպորտին: Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկներին: Մոսկվայում ամերիկացիների այս քայլը Ռուսաստանի թիմի հանդեպ խտրականություն են որակել՝ հավելելով, որ չի կարելի ԱՄՆ-ում միջազգային մրցաշարեր անցկացնել: Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականն ամերիկյան Այովա Սիթիում պետք է մասնակցեր աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մարտի 29-ին դոլարը կայուն է եղել, եվրոն նվազել է ավելի քան 4 դրամով: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 33 լումա, ֆունտինը՝ 675 դրամ:

Մարտի 30-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են անձրեւի տեսքով առատ տեղումներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ