News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հարձակովել են HSBC բանկի՝ Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գործող մասնաճյուղի վրա. զոհեր եւ վիրավորներ կան: Դանակով, հրացանով եւ նռնակով զինված տղամարդը ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, այնուհետեւ խոշոր գումար հափշտակել եւ փախուստի դիմել, սակայն հեռու փախչել չի հաջողվել: Վիրավորներից մեկը՝ բանկի անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը, մահացել է: Վիրավորում ստացած մյուս աշխատակիցը Եղվարդի բնակիչ Արամ Մկրտչյանն է: 25-ամյա Մկրտչյանը վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում. նա վիրահատվել է: Իսկ հանցագործին վնասազերծել ու բերման են ենթարկել:

Հանցագործին վնասազերծելիս վիրավորում է ստացել նաեւ մի ոստիկան՝ ավագ ենթասպա Արա Շախգուլյանը: Նրան հոսպիտալացրել են, վիրահատել, բայց չնայած բժիշկների ջանքերին՝ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել: Պարզվում է՝ հանցագործը ոստիկան է. ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը: Հանցագործության շարժառիթի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Ազգային ժողովի քառօրյայի այսօրվա նիստը կայացել է: Հիշեցնենք, որ երեկ չէր հաջողվել քվորում ապահովել, եւ նիստը տապալվել էր: Այսօր խորհրդարանում էր նաեւ «Ելք» խմբակցությունը: Դեռ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ազգային ժողով են գնալու՝ իր առաջադրման համար փաստաթղթեր պատրաստելու: Մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության համար թեկնածուները պետք է առաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի՝ 35 պատգամավորի կողմից: 41 ստորագրություն է հավաքվել, եւ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ներկայացվել են խորհրդարան:

Եթե այս անգամ էլ, ինչպես մայիսի 1-ին, չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: «Ելք»-ում վստահ են, որ ստեղծված իրավիճակը, ամեն դեպքում, ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալով:

ՀՀԿ խմբակցությունը երեկ նիստ էր հրավիրել եւ որոշել վարչապետի թեկնածու չառաջադրել, այլ սատարել պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին: Չնայած սրան՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ քվեարկելու է այնպես, ինչպես մայիսի 1-ին: Իրենց «սկզբունքներին եւ դիրքորոշմանը չդավաճանելու» մասին հայտարարում են նաեւ հանրապետական այլ պատգամավորներ:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չնայած ՀՅԴ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն ինքը դա չի անի: Կարճ ժամանակ անց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը պահանջեց վայր դնել պատգամավորական մանդատը: Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ նաեւ կուսակցությունից Աղվան Վարդանյանի հեռացման հարց դրվի: Բայց առայժմ սա չի քննարկվել:

Դաշնակցության համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուն Ռուզաննա Առաքելյանն է. նա Ազգային ժողովի պատգամավոր է եղել նաեւ 2007-2012 թվականներին: Կուսակցությունում, սակայն, դեռ չեն շտապում հայտարարել, որ հենց նա է խորհրդարանում փոխարինելու Աղվան Վարդանյանին:

Մինչ այդ, մամուլում լուրեր են շրջանառվում, որ շուտով մանդատին հրաժեշտ կտա մեկ այլ պատգամավոր՝ «Ծառուկյան» խմբակցությունից Իշխան Զաքարյանը: Տարբեր տեղեկություններով՝ նրա եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են: Ասում են՝ Ծառուկյանին դուր չի եկել, որ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ Իշխան Զաքարյանը խորհրդարան չի գնացել, չնայած ինքը հայտարարել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունը մեկ մարդու նման քվեարկելու է Փաշինյանի օգտին: Իշխան Զաքարյանը հերքում է այս լուրերը:

Այսօր կառավարության հերթական նիստն էր: Այն վերջին անգամ վարել է Կարեն Կարապետյանը եւ վերջին հանձնարարականն է տվել: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ օրակարգում միայն ընթացիկ հարցեր են ընդգրկել, իսկ ֆունդամենտալ հարցերի քննարկումը հաջորդ կառավարությանն են թողել: Վերջում Կարապետյանը չի մոռացել գործընկերներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:

Սիրիայում ռուսական ռազմական օդանավ է կործանվել: Սու-30ՍՄ կործանիչը աղետի է ենթարկվել Միջերկրական ծովի վրա՝ Լաթաքիայի շրջանի Ջաբլա քաղաքի մերձակայքում: Երկու օդաչուները զոհվել են: Նրանցից մեկն ազգությամբ հայ է՝ անձնակազմի հրամանատար, մայոր Ալբերտ Դավիդյանը: Ռուսական պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ՝ օդանավը դուրս է եկել «Հմեյմիմ» ռազմաբազայից, սակայն բարձրություն հավաքելիս ծովն է ընկել: Ինքնաթիռի վրա հարձակում չի եղել: Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ շարժիչի մեջ թռչուն է հայտնվել, ինչն էլ աղետի պատճառ է դարձել:

Ռուսաստանում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ 4-րդ անգամ: Կասպիյսկ քաղաքում անցկացված առաջնության 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ գոտեմարտում եւ հաղթեց 7:0 հաշվով:

Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց 82 կգ քաշային կարգում: Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանն առանց խնդիրների պարտության մատնեց բելառուս Վիկտոր Սասունովսկուն՝ գոտեմարտն ավարտելով 8:0 հաշվով: 67 կգ քաշային կարգում էլ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ արդեն առաջին մրցափուլում վաստակելով 6 միավոր: Հայ ըմբիշը մրցակցին պարտության մատնեց 7:2 հաշվով:

Մայիսի 3-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 581, ռուբլունը՝ 7 դրամ 65 լումա, ֆունտինը՝ 659 դրամ:

Մայիսի 4-8-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը կեսօրից հետո տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ