News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Ռուսաստան է մեկնել: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա, ի դեպ, մեկ ամսվա ընթացքում Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումն է: Վաղը Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Ի դեպ՝ Մոսկվայի օդանավակայանում Փաշինյանը ֆուտբոլ է խաղացել Աշխարհի գավաթի խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հետ:

Ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանն ու գործով մյուս ամբաստանյալներն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Ամբաստանյալները չեն արդարացվել, սակայն Վերաքննիչ դատարանը նվազեցրել է նրանց պատժաչափերն ու փոխել խափանման միջոցը: Առաջին ատյանի վճռով 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի համար Վերաքննիչը վերջնական պատժաչափ է սահմանել 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկումը: Միաժամանակ, դատարանը բավարարել է Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը եւ որոշել ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակել նրան. «Ծառուկյան» խմբակցությունից 12 եւ «Ելք»-ից մեկ պատգամավոր որպես գրավ 500.000-ական դրամ են վճարել: 

Դատարանի շենքից դուրս գալուց հետո Սեֆիլյանը հայտարարել է, որ իրենց պայքարը չի ավարտվել: Նա հույս է հայտնել, որ բոլոր քաղբանտարկյալները շուտով ազատության մեջ կլինեն: Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին. Գեւորգ Սաֆարյանի համար պատժաչափ է սահմանվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը, մյուս 4-ի համար՝ 2-ական տարվա ազատազրկումը: Նրանք էլ ազատ են արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ:

«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Նրա համար երաշխավորություն ներկայացրած «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը դատարան էին եկել՝ իրենց երաշխավորությունը հաստատելու համար: Այսպիսով, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 6-ն արդեն ազատության մեջ են:

Միաժամանակ, ԱԺ 11 պատգամավորներ էլ հանդես են եկել Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի գործով բողոքը Վճռաբեկ դատարանը կքննի հունիսի 15-ին:

Արցախի պաշտպանության նախարարությունը կրկին հայտնել է շփման գծում ադրբեջանական զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժերի եւ կուտակումների մասին: Հակառակորդը վերջին շրջանում նաեւ ակտիվ է տեղեկատվական եւ քարոզչական դաշտում: Հարցը Հայաստանի ղեկավարությունը բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում:

Շփման գծում կուտակումների մասին այսօր խոսել է նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա ավելորդ է համարել մեկնաբանություններ տալ, սակայն, ամեն դեպքում, անդրադարձել է սահմանային իրավիճակին:

Ինչ վերաբերում է այս օրերին քննարկվող մեկ այլ թեմայի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող Գյուննուտի գերեզմաններ ադրբեջանցիների այցին. Արտակ Դավթյանը նշել է, որ հակամարտությունն Ադրբեջանի ժողովրդի, խաղաղ բնակիչների եւ հատկապես հանգուցյալների հետ չէ: Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը գլխավոր շտաբի պետ է նշանակվել շուրջ 20 օր առաջ: Նրա նշանակումը բուռն քննադատությունների առիթ դարձավ: Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, մասնավորապես, հայտարարեց, որ « ամենապատասխանատու պաշտոնում նշանակվել է ամենաանպատրաստ գեներալը»: Արտակ Դավթյանն այսօր հայտարարել է, որ դրական է վերաբերվում քննադատություններին, իսկ ժամանակը ցույց կտա, որ դրանք իրականության հետ որեւէ աղերս չունեն:

Ազգային ժողովն այսօր չկարողացավ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրել: Դատավորների ընդհանուր ժողովի ընտրած թեկնածուն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանն էր: Քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 54-ը: Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե: Ավելի վաղ էլ խորհրդարանը չէր հաստատել Էմիլ Բաբայանի թեկնածությունը. նրան առաջադրել էր Արմեն Սարգսյանը: Ավելի քան 200 փաստաբաններ նամակով դիմել են նախագահին՝ առաջարկելով այդ պաշտոնի համար մրցույթ անցկացնել եւ նշել, որ իրենց նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է:

Իսկ խորհրդարանի միջանցքներում այսօրվա թոփ թեման Մանե Թանդիլյանի հրաժարականն էր: Պարտադիր կուտակային համակարգը ներդնելու վերաբերյալ որոշման ընդունումից 1 օր անց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը երեկ երեկոյան հրաժարականի դիմում ներկայացրեց եւ հայտարարեց նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին: Նրա այս քայլը, կարծես, ամենից շատ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին է ոգեւորել:

Լրագրողները փորձել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահի որոշման մասին տեղեկություն ու պարզաբանում ստանալ նաեւ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանից: Նշենք, որ Մանե Թանդիլյանից բացի՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից էին նաեւ նախարարներ Արտակ Զեյնալյանն ու Արծվիկ Մինասյանը: Վերջինը, ի դեպ, կառավարության վերջին նիստի ժամանակ վիճել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն թեժ բանավեճից հետո կողմ քվեարկել որոշմանը: Լրագրողները դաշնակցական նախարարին հարցրել են՝ հնարավո՞ր է հետեւի Մանե Թանդիլյանի օրինակին:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր Երեւանի քաղաքապետարան էին «ներխուժել». այստեղ տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում խուզարկություններ են կատարվել: Պատճառը քաղաքացիներից ստացված հաղորդումն է այն մասին, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, օրենքով սահմանված վճարումներից բացի՝ իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին խոշոր չափերով գումարներ փոխանցել: ԱԱԾ-ն պարզել է, որ առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է, արդյունքում քրեական գործ է հարուցվել:

Դիմակավորված ԱԱԾ-ականները քաղաքապետարանից հեռացել են՝ շենքից սեւ փաթեթներ դուրս բերելով: Նրանք, սակայն, հրաժարվել են հայտնել, թե ինչ կա փաթեթներում: Նշենք, որ «Երեւան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ու պատգամավոր Լենա Նազարյանն ամիսներ առաջ դատական հայց էին ներկայացրել հիմնադրամի դեմ: Առաջին դատական նիստը կկայանա առաջիկայում, իսկ մինչ այդ, ըստ լուրերի, Երեւանի ավագանին պատրաստվում է առաջիկա նիստում քննարկել հիմնադրամի լուծարման հարցը:

Աուտիզմ ունեցող կորած տղային արդեն 5 օր է՝ չեն կարողանում գտնել: 14-ամյա Հայկին որոնում է ԱԻՆ 2 փրկարար ջոկատ, ավելի քան 150 կամավորներ, Էջմիածնի մերձակա գյուղերի բնակիչները. վերջին անգամ երեխային Արմավիրում են տեսել: Ակտիվիստներն այսօր նաեւ օդապարիկ են օգտագործել՝ վերեւից տեղանքն ուսումնասիրելու համար: Նշենք, որ Հայկ Հարությունյանը տնից դուրս է եկել հունիսի 8-ին, ժամը մոտ 17:00-ին: Նա կանաչ շապիկով է, քայլում է բոբիկ, չի խոսում, խուսափում է մարդկանց հետ շփումներից: Ակտիվիստները հորդորում են Հայկին տեսնելու դեպքում փորձել նրան սիրաշահել քաղցրավենիքով, ամեն ինչ անել, որպեսզի մինչեւ ծնողների կամ ոստիկանության ժամանումը տղան չհեռանա:

Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել. Գիորգի Կվիրիկաշվիլին ինքն է հայտնել այդ մասին: Նա Վրաստանի կառավարությունը ղեկավարում էր 2013 թվականի հուլիսից: Կվիրիկաշվիլին ասել է, որ տեսնում է իր թիմում առկա տրամադրվածությունն ու որոշել է հեռանալ պաշտոնից: Ըստ տեղեկությունների՝ հրաժարականի պատճառն իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ Կվիրիկաշվիլիի տարաձայնություններն են: Նշենք, որ նախօրեին կայացել է իշխող կուսակցության պատգամավորների հանդիպումը: Հավաքից հետո, սակայն, պատգամավորները հերքել են տարածված լուրերը, թե կառավարությունում փոփոխությունների հարց է քննարկվել: Մամուլի տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան:

Հունիսի 13-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 7 դրամ 67 լումա, ֆունտինը՝ 643 դրամ:

Հունիսի 14-ին երեկոյան ժամերին եւ 15-18-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը երեկոյան ժամերին տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ