Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում մթնոլորտը շարունակում է շիկացած մնալ: Այս օրերին հրազդանցիներին, մասնավորապես, հետաքրքրում է, թե ի՞նչ պաշտոնանկություններ կլինեն քաղաքապետարանում:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ ոչինչ պարզ չէ, ամեն ինչ ըստ ընթացակարգերի կլինի: Այստեղ սպասում են հուլիսի 2-ին կայանալիք ավագանու նիստին, որի օրակարգում քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու հարցն է: Դրանից հետո միայն պարզ կլինի, թե ինչ կանեն բաժնի պետերը:

Գյուղատնտեսության բաժնի պետ Պետիկ Մարգարյանը դեռ չի կողմնորոշվել՝ կաշխատի, թե՞ ոչ. ժամանակը կգա, պարզ կդառնա: Հարկային բաժնի պետ Սամվել Գրիգորյանն էլ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա:

«Պարզ չէ: Նոր քաղաքական թիմ է եկել՝ նոր ծրագրերով, ես էլ գտնում եմ, որ սկզբունքորեն պիտի թողնեմ աշխատանքս: Թող նոր երիտասարդ կադրեր գան, աշխատեն, ես էլ ինչով կարող եմ՝ միայն պատրաստ եմ օգնել»,- նշեց Գրիգորյանը:

Մի քանի բաժնի պետեր էլ աշխատել-չաշխատելը պայմանավորում են այն հանգամանքով՝ արդյո՞ք հաջորդ քաղաքապետը կցանկանա՞ իրենց հետ աշխատել, թե՞ ոչ:

Հիշեցնենք նաև, որ այս օրերին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելու թույլտվության համար: Ստուգումներ դեռևս չեն սկսվել:

Ի դեպ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ այս պահին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործ կա՝ «Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետն ընդդեմ քաղաքապետի» դատական հայցի շրջանակում: