Միլիարդատեր Լեոն Բլեքը հրաժարվել է երդման տակ ցուցմունք տալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում, որը քննում է Ջեֆրի Էպշտեյնի գործը, և դաշնային դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով արգելափակել կոնգրեսականների ծանուցագրերը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ներկայացուցիչների պալատի Վերահսկողական հանձնաժողովը Բլեքին երկու ծանուցագիր էր ուղարկել հունիսին անցկացված փակ կամավոր հարցազրույցից հետո։ Օրենսդիրների խոսքով՝ այն ժամանակ գործարարը հրաժարվել էր պատասխանել չհրապարակման համաձայնագրերի (NDA) վերաբերյալ հարցերին։ Ծանուցագրերից մեկով պահանջվում էր տրամադրել փաստաթղթեր, այդ թվում՝ NDA-ները, իսկ երկրորդով նրան պարտավորեցնում էին կրկին ներկայանալ ցուցմունք տալու։
Հայցում Բլեքը պնդում է, որ հանձնաժողովն անցել է իր լիազորությունների սահմանները՝ պահանջելով անձնական տեղեկություններ, որոնք առնչություն չունեն Էպշտեյնի քննության կամ Կոնգրեսի օրինական նպատակների հետ։ Գործարարը դատարանին խնդրում է անվավեր ճանաչել ծանուցագրերը և թույլ չտալ, որ հանձնաժողովը հասնի դրանց կատարմանը։
«Հանձնաժողովը զբաղված է վարկաբեկող նյութերի փնտրտուքով, ինչը դուրս է նրա լիազորությունների սահմաններից և լիովին անտեսում է նրա պատասխանատվությունը», — հայտարարել է Բլեքի փաստաբան Սյուզան Էստրիչը։ Նրա խոսքով՝ քննությունն «այլևս կապված չէ Էպշտեյնի վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու հետ», այլ ուղղված է Բլեքին «կործանելու» փորձերին։
Հանձնաժողովում դեմոկրատների առաջնորդ, կոնգրեսական Ռոբերտ Գարսիան կոչ է արել անհապաղ պատասխանատվության ենթարկել Բլեքին՝ Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ «Այսօր հրաժարվելով ցուցմունք տալուց՝ Լեոն Բլեքն այժմ խախտում է Կոնգրեսի երկու ծանուցագիր», — հայտարարել է նա։
Բլեքը Apollo Global Management ներդրումային ընկերության համահիմնադիրն է և նախկին գլխավոր տնօրենը։ 2021 թվականին նա հեռացել էր ընկերության ղեկավարությունից՝ Էպշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով բռնկված սկանդալի ֆոնին։
Բլեքի անունը բազմիցս հրապարակվել է Էպշտեյնի գործերի հետ կապված նյութերում։ Հունիսին հանձնաժողովում ելույթ ունենալուց առաջ Բլեքը հայտարարել էր, որ մինչև 2019 թվականը չի իմացել Էպշտեյնի հանցավոր գործունեության մասին և նրան վճարել է օրինական ծառայությունների համար, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց հետ նրա լայն կապերի պատճառով։




























