Նիդեռլանդների Կենտրոնական բանկը չորեքշաբթի հայտնել է, որ Հյուսիսային Ամերիկայից դուրս է բերել միլիարդավոր դոլարների իր ոսկու պաշարների մի մասը։ Բանկն ինքն այս քայլն անվանել է գլոբալ քաղաքական անկայունության ֆոնին տեղի ունեցող «ճգնաժամի նախապատրաստություն», հայտնում է Associated Press-ը։

Նրա տվյալներով՝ մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածում Նյու Յորքում և Օտտավայում պահվող շուրջ 313 տոննա ընդհանուր ծավալից մոտ 86 մետրիկ տոննա ոսկի է տեղափոխվել Լոնդոն։ Մինչ տեղափոխումը Նյու Յորքում էր գտնվում նիդեռլանդական ոսկու 31,3%-ը, իսկ Օտտավայում՝ 19,7%-ը։ Տեղափոխությունից հետո այդ քաղաքներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 18,5%-ը, նշել է բանկը։

Ընդհանուր առմամբ բանկին է պատկանում 612,4 մետրիկ տոննա ոսկի, որը 2025 թվականի վերջի դրությամբ գնահատվում էր 72,2 միլիարդ եվրո (մոտ 83,6 միլիարդ դոլար)։

«Այս տեղափոխության շնորհիվ մենք բարձրացրել ենք մեր ոսկու պաշարների իրացվելիությունը, — գրավոր մեկնաբանության մեջ հայտարարել է բանկի ղեկավար Օլաֆ Սլեյպենը։ — Հույս ունենք, որ դրանք օգտագործելու կարիք երբեք չի լինի, սակայն մենք պետք է ամրապնդենք մեր դիմակայունությունն ու պատրաստվածությունը»։

Ավելի քան 27 մետրիկ տոննա ոսկին «ֆիզիկապես տեղափոխվել է» ԱՄՆ-ից և Կանադայից դեպի նիդեռլանդական բանկի՝ խիստ հսկվող պահոց, որը գտնվում է երկրի կենտրոնական հատվածի Զեյստ քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմաբազայում։ Ընդ որում՝ բանկը չի հստակեցրել, թե հատկապես ինչ եղանակով են ձուլակտորները հատել Ատլանտյան օվկիանոսը։ Համադրելի ծավալի ոսկին այնուհետև Զեյստից ուղարկվել է Լոնդոն։

Տեղափոխության մնացած մասն իրականացվել է այլ կերպ․ մոտ 59 մետրիկ տոննա ոսկին վաճառվել է Նյու Յորքում, իսկ ստացված հասույթով ոսկին էլ գնվել է Լոնդոնում։

Նիդեռլանդների բանկը, որը հայտնի է DNB հապավմամբ, պարզաբանել է, որ Անգլիայի բանկում պահվող ոսկին «պետք է համապատասխանի ժամանակակից միջազգային առևտրային ստանդարտներին, համարվում է աշխարհում ամենասպառվողը (իրացվելին) և այդ պատճառով ճգնաժամային իրավիճակում ամենամատչելին կլինի DNB-ի համար։ Նյու Յորքում և Օտտավայում գտնվող պաշարները նման պայմաններում հնարավոր չէ գործի դնել նույնքան արագ ու ուղղակիորեն»։