Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է երկրի արևելյան հատվածում թռիչքների նոր սահմանափակում մտցնելու մասին՝ պետության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։

EP R134 սահմանափակման գոտին գործելու է 2026 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 9-ը՝ շուրջօրյա ռեժիմով։ Այն տարածվում է գետնի մակերևույթից մինչև FL95 էշելոնը (մոտ 3 կմ բարձրություն)։ Սահմանափակումը չի ազդի մեծ բարձրությունների վրա թռիչքներ իրականացնող ուղևորատար ինքնաթիռների վրա։

Նոր գոտին կփոխարինի գործող EP R131 սահմանափակմանը։ Գիշերային ժամերին EP R134-ում օդանավերի շարժն ամբողջությամբ կարգելվի․ բացառություն կկազմեն ռազմական ինքնաթիռները, ինչպես նաև Դեպուլտիչե-Կրուլևսկե օդանավակայանի և Օդային գործողությունների կենտրոնի (Օդային բաղադրիչի հրամանատարության) միջև համաձայնեցված թռիչքներն ու վայրէջքները։

Ցերեկային ժամերին թռիչքները նույնպես կարգելվեն, բացառությամբ, մասնավորապես, ռազմական օդանավերի, թռիչքի հաստատված պլան ունեցող և անհրաժեշտ կապի ու ռադիոլոկացիոն նույնականացմանմիջոցներով հագեցած մարդատար ինքնաթիռների, ինչպես նաև հատուկ նշանակության օդանավերի՝ որոնողափրկարարական, բժշկական և այլ արտակարգ գործողությունների համար։

Առանձին թռիչքներ կարող են թույլատրվել Օդային գործողությունների կենտրոնի հետ համաձայնեցնելուց հետո։ Սա վերաբերում է պետական ավիացիային, սանիտարական ավիացիային, մարդկանց ու կենդանիների փրկության, արտակարգ իրավիճակների հետևանքների լիկվիդացման, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ու վերահսկման գործողություններին։

Լեհ զինվորականներն ընդգծել են, որ նախատեսված բացառությունների տակ չընկնող օդանավի մուտքը R ակտիվ գոտի հանդիսանում է օդային հաղորդակցության մասին օրենսդրության խախտում։

Սահմանափակումները մտցվել են Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հարցումով։ Համապատասխան որոշումը Լեհաստանի աէրոնավիգացիոն ծառայությունների գործակալության կողմից հրապարակվել է NOTAM-ի տեսքով։