Սարատովի մարզի Էնգելս քաղաքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի (ՎԿՍ) սպայի նկատմամբ, «Կոմերսանտին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի առավոտյան՝ Էնգելսի «Պրոբուժդենիե» ավանում գտնվող քոթեջի մոտ։ Ինչպես գրում է Shot-ը, հարձակվողը եղել է մոտոցիկլով և սաղավարտով թաքցրել է դեմքը։ Նա երկու անգամ կրակել է զինվորականի ուղղությամբ, երբ վերջինս դուրս էր գալիս խանութից, ապա դիմել փախուստի։ Գնդակներից մեկը դիպել է տղամարդու դեմքին, երկրորդը՝ մարմնին։

Զինվորականի վարորդը նույնպես վիրավորում է ստացել, սակայն կարողացել է շտապօգնություն կանչել, նշում է Mash-ը։ Սպային տեղափոխել են Սարատով, որտեղ բժիշկները արագ բժշկական օգնություն են ցուցաբերել։ Դրանից հետո որոշվել է նրան հատուկ ինքնաթիռով ուղարկել Մոսկվա՝ հետագա բուժման համար։ Ուկրաինական մոնիթորինգային Supernova+ ալիքը պնդում է, որ մահափորձը կատարվել է գեներալ-մայոր Նիկոլայ Վարպախովիչի նկատմամբ, որը ՌԴ ՕԴՈՒ 22-րդ ծանր ռմբակոծիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարն է։

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՍԲՈւ) և երկրի գլխավոր դատախազի գրասենյակը հեռակա կարգով Վարպախովիչին կասկածյալ էին ճանաչել 2024 թվականի հուլիսի 8-ին Կիևում գտնվող «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցին հասցված հրթիռային հարվածին առնչություն ունենալու համար։ Քննության տվյալներով՝ նա տվել էր հրթիռային հարված հասցնելու մարտական հրաման, որից հետո իրեն ենթակա հեռահար ավիացիայի ստորաբաժանումները հիվանդանոցի ուղղությամբ արձակել էին Խ-101 թևավոր հրթիռը Տու-95ՄՍ ռմբակոծիչ-հրթիռակրից։

«Կոմերսանտի» տվյալներով՝ մահափորձից հետո այն ավանը, որտեղ տեղի էր ունեցել արտակարգ պատահար, շրջափակվել է։ Տեղում աշխատում են ՌԴ Քննչական կոմիտեի, ԱԴԾ-ի և ոստիկանության քննչական-օպերատիվ խմբերը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փորձի (ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 1-ին մաս) և զենքի ապօրինի շրջանառության (ՌԴ ՔՕ 222-րդ հոդվածի 1-ին մաս) հոդվածներով։