Առնվազն հինգ մարդ մահացել է, ևս տասնյակ ուրիշներ, ենթադրաբար, մահացել են Ատլանտյան օվկիանոսով անցման ընթացքում Արևմտյան Աֆրիկայից միգրանտներով նավակում։ Կանարյան կղզիների մոտ հաջողվել է փրկել 44 մարդու, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Իսպանիայի ծովային փրկարար ծառայության տվյալներին։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի կեսօրին ինքնաթիռը ծանր վիճակում դրեյֆող նավակ է հայտնաբերել Գրան Կանարիա կղզուց մոտ 120 կմ հարավ։ Երեք մարդու անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, մնացած 41 միգրանտին հասցրել են Արգինեգին նավահանգիստ, որտեղ նրանց օգնություն են ցուցաբերել Կարմիր խաչի աշխատակիցները։
Բոլոր փրկվածները տղամարդիկ էին, նրանց թվում կային անչափահասներ։ Կարմիր խաչի տվյալներով՝ նրանք ժամանել էին Մալիից և Սենեգալից։ Փրկվածները գտնվում էին ուժեղ ջրազրկման և ապակողմնորոշվածության վիճակում, շատերը ափ դուրս գալուց հետո ընկնում էին կամ փսխում։
Միգրանտները պատմել են, որ դուրս են եկել Գամբիայից և ծովում անցկացրել են «շատ-շատ օրեր»։ Ոմանք ենթադրել են, որ օվկիանոսում եղել են գրեթե մեկ ամիս։ Երբ ջրի և սննդի պաշարներն ավարտվել են, մարդիկ սկսել են հիվանդանալ, այդ թվում՝ ծովի ջուր օգտագործելու պատճառով։
Փրկվածների խոսքով՝ սկզբում նավակի վրա եղել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ կանայք և մեկ երեխա։ Քանի որ մարդիկ մահանում էին, նրանց մարմինները նետում էին օվկիանոսը, մինչև մնացածների ուժերը սպառվեցին։
Իսպանիայի ծովային փրկարար ծառայությունը հայտնել է, որ նավակում հայտնաբերել է հինգ զոհվածի մարմին, սակայն չի կարողացել դուրս բերել դրանք ուժեղ քամու և մոտ 2,5 մետր բարձրությամբ ալիքների պատճառով։
Միևնույն ժամանակ, Walking Borders կազմակերպության հիմնադիր Ելենա Մալենոն, որը հետևում է Իսպանիա տանող երթուղիներում միգրանտների մահվան և անհետացումների դեպքերին, հայտնել է 83 զոհի մասին։ Նրա տվյալներով՝ նրանց թվում եղել են երեք կին և մեկ երեխա։ Մալենոն պնդում է, որ նավակը Գամբիայից դուրս է եկել 27 օր առաջ։
Արևմտյան Աֆրիկայից դեպի Կանարյան կղզիներ անցնող Ատլանտյան երթուղին համարվում է Եվրոպա տանող ամենավտանգավոր միգրացիոն երթուղիներից մեկը։ Չնայած անցած տարվա ընթացքում արշիպելագ ժամանողների թվի զգալի նվազմանը՝ վերջին տարիներին այս ուղղությամբ տասնյակ հազարավոր մարդիկ մահացել կամ անհետ կորել են։ Որոշ նավակներ կորչում էին օվկիանոսում և դրեյֆում մինչև անգամ Ամերիկայի ափերը։



























