News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:

Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծնունդից ի վեր Հիմնադրամը կարեւոր եւ օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային եւ հոգեւոր կառույցների, բարերարների եւ հարյուր հազարավոր անհատների: Ուստի, Հիմնադրամը դեռեւս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կյանքում:

Սակայն պարզ է նաեւ, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական եւ կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը եւ կշիռը:

Եւ իզուր չէ, որ Հանրապետության նախագահը Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ս/թ մայիսի 25-ի նիստի ժամանակ երեք ամիս ժամանակ էր տվել ներկայացնելու Հիմնադրամի արմատական բարեփոխումների առաջարկներ:

Ըստ այդմ, նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը եւ դրանից դուրս կգա նորացված՝ արժանի Նոր Հայաստանի ձգտումներին եւ մարտահրավերներին:

Նշենք, որ Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 214 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն լինելով՝ իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով հիմնադրամի բարի համբավին եւ հեղինակությանը:

Հիշեցնենք, որ  որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։

Հավելենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, որը հուլիսի 2-ին ձերբակալվել էր, գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Հայաստան» հիմնադրամի տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել. Փաստաբան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ