News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը վարչապետի հետ քննարկել ու որոշել է մի քանի ամսով հետաձգել Պաշտպանության նախարարությունում ուսումնասիրությունները, թեեւ պաշտոնում նշանակվելուց հետո առաջինը հենց այստեղ ստուգումների մասին էր հայտարարել: Փոխարենը Դավիթ Սանասարյանն առաջարկ ունի զորակոչի անցկացման գործընթացի վերաբերյալ, որը թույլ կտա ավելի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

Մինչ այդ, պետական վերահսկողական ծառայությունը մեկ ամսում վեց ուսումնասիրություն է արել: Ամենաանմխիթար վիճակը, Դավիթ Սանասարյանի խոսքով, Ագրարային համալսարանում է:

Ուսումնասիրություններ են կատարվել նաեւ Բաշխիչ էլեկտրացանցերում, Էջմիածնի քաղաքապետարանում, ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Ուկրինվեստ»-ում, ինչպես նաեւ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում. վերջինի վերաբերյալ Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել: Առաջիկա օրերին ԲԷՑ-ից կվերադարձնեն շուրջ 310 մլն դրամ, 100 մլն դրամ՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից, 210 մլն դրամ՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից, 1.5 մլն դոլար՝ ԲԷՑ-ին սպասարկող միջազգային կապալառու կազմակերպությունից, եւս 40 մլն դրամ՝ ԲԷՑ-ի հետ աշխատող կազմակերպությունից: Դավիթ Սանասարյանը նաեւ վստահեցնում է, որ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու դեպքում բոլորին կներեն: Առաջիկայում ստուգումները կշարունակվեն ոստիկանությունում, Հայկական ատոմակայանում, Մայր բուհում: Երեւանի քաղաքապետարանի վերաբերյալ նույնպես նամակներ են ստացել, բայց այստեղ իրենք կսկսեն աշխատել, երբ ստուգումներն ավարտեն ԱԱԾ-ի գործընկերները:

Խոշոր չարաշահումներ են բացահայտվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում: Գլխավոր դատախազությունը տրանսպորտի նախարարությունից տեղեկանք է ստացել, որի համաձայն՝ ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների եւ բավարար հետազոտության, բազմաթիվ անգամներ անհարկի փոփոխել են ծրագրի իրականացման համար կնքված պայմանագրերը, անարդյունավետ եւ չհիմնավորված աշխատանքներ ներառել, ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր են ընդունել: Ծրագրի պատասխանատուներն անփույթ են եղել նաեւ աշխատանքի որակի հարցում. ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ Երեւան-Արտաշատ ու Երեւան-Աշտարակ հատվածները շահագործման են ընդունվել: Պետությանն ավելի քան 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել: Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելն օրինական չէ: Սա նախկին նախագահի պաշտպանական թիմի նախնական գնահատականն է: Արամ Օրբելյանն ասում է՝ որոշումը դեռ չեն ստացել. ստանալուց հետո կխոսեն նաեւ իրենց քայլերի մասին: Փաստաբանը նշեց, որ եթե ծանոթանալուց հետո պարզվի, որ որոշումն իսկապես օրինական չէ, բնականաբար, կբողոքարկեն: Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված նոր քրեական գործը, փաստաբանների խոսքով, իրենց պաշտպանյալին չի վերաբերում՝ որքանով տեղյակ են: Գործը մեծածավալ է, մանրամասներին էլ իրենք տեղյակ չեն:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձնագրերը չվերադարձնելուն. պաշտպանները մեջբերել են դեռեւս 2017 թվականին ՄԻՊ-ի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը:

Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը՝ իրականությանը չհամապատասխանող եւ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշում որակելով: ՀՔԾ-ում տեղյակ են Սահմանադրական դատարանի 2017 թվականի որոշման մասին եւ պնդում են, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որեւէ նորմ, այդ թվում՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր չի ճանաչվել: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին կալանավորվել էր, սակայն ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: ՀՔԾ քննիչը սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հերթական ավազակային հարձակումը Երեւանում. երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ թալանել են «Վիվարո Բեթ»-ի Ավանի բուքմեյքերական կետը: Կեսգիշերն անց բժշկական դիմակով եւ հրազենով զինված տղամարդը «Վիվարո» բուքմեյքերական կետում զենքի սպառնալիքով աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար եւ փախուստի դիմել:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ հանցագործը 200.000 դրամ է հափշտակել: Հարձակումն իրականացրած տղամարդու ինքնությունը դեռ չեն պարզել: Նշենք, որ բուքմեյքերական այս կետը նույն եղանակով թալանել էին նաեւ այս տարվա հուլիսի 30-ին. հանցագործությունը մինչեւ այժմ բացահայտված չէ:

Նիդերլանդներից արտաքսված հայուհու երկու երեխաները՝ 13-ամյա Հովիկն ու 12-ամյա Լիլին, արդեն այս շաբաթ Հայաստան կարտաքսվեն: Երկրի իշխանությունները որոշել են մինչեւ սեպտեմբերի 8-ը երեխաներին ուղարկել մոր մոտ՝ Երեւան. մայրը՝ Արմինե Համբարձումյանը Հայաստանում է անցյալ տարվա օգոստոսից: Խնդրին օրերս անդրադարձել էր նաեւ Նիդերլանդների արքայադուստր Լաուրենտին, սակայն դատարանը վճռել է, որ երեխաները կարող են Նիդերլանդներում ապաստան ստանալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունների կողմից հետապնդման մտավախություն կա, բայց այդպես չէ: Իսկ եթե մայրը չկարողանա հոգ տանել նրանց մասին, օգնություն կցուցաբերվի:

Հովիկին եւ Լիլիին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Հայաստանի միգրացիոն ծառայությունը: Նշենք, որ երեխաները Ռուսաստանում են ծնվել, իսկ Նիդերլանդներ են տեղափոխվել 2008 թվականին: Նրանք երբեք Հայաստանում չեն եղել, հայերեն չեն խոսում:

Դոլարի վերելքը շարունակվում է, աճել է նաեւ եվրոն: Սեպտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 560, ռուբլունը՝ 7 դրամ 7 լումա, ֆունտինը՝ 619 դրամ:

Սեպտեմբերի 6-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ