News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հակառակորդի կրակոցից Հայաստանի զինված ուժերի զինծառայող է զոհվել: Հյուսիս-արեւելյան զորամասերից մեկի պահպանության տարածքում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Մաթեւոսյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 38-ամյա Մաթեւոսյանը մահացել է: Նա Զինված ուժերում ծառայության էր անցել 2011 թվականին: Հայկազ Մաթեւոսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել:

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը հրապարակել է վերջնական ընտրացուցակները: Դրանց համաձայն՝ սեպտեմբերի 23-ին քվեարկելու իրավունք ունի 848.343 ընտրող:

Ավագանու ընտրություններին, ի դեպ, քվեարկելու իրավունք կունենան նաեւ Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք: Սակայն մեկ պայման կա. մինչեւ քվեարկության օրը նրանք պետք է առնվազն մեկ տարվա հաշվառում ունենան Երեւանում: Քաղաքացիություն չունեցող անձանց այս իրավունքը սահմանում է  Ընտրական օրենսգիրքը:

Ազգային ժողովում ձեւավորված Քննիչ հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն էր հրավիրել. այն ուսումնասիրելու է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը: Առաջին նիստը կարճ է տեւել. հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկել է հետաձգել այն, որպեսզի մասնակիցները հնարավորություն ունենան առաջարկություններ ներկայացնել աշխատակարգի վերաբերյալ: Դեռ պետք է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրեն, առաջարկեն, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ եւ որ մարմնից պետք է պահանջել, եւ արդյո՞ք անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններից մասնագետների հրավիրել: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին:

Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել: Ռուսական «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նա խոսել է Մարտի 1-ի, քաղաքականություն իր վերադարձի, Հայաստանի ներքաղաքական իրադրության, Նիկոլ Փաշինյանի, նաեւ՝ Ռուսաստանի նախագահի հետ իր հարաբերությունների մասին: Նախ՝ վերջինի մասին: Քոչարյանն ասել է՝ իր ծննդյան տարեդարձի առիթով Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգը, որը քննարկումների առիթ դարձավ, մեծ աջակցություն էր իր համար:

Ինչ վերաբերում է իր վերադարձին. նախկին նախագահն ասել է՝ երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից, պարզապես վերջին տարիներին բավական պասիվ է եղել, բայց հիմա պատրաստվում է ավելի հաճախ արտահայտվել: Ռոբերտ Քոչարյանը հավաստել է նաեւ, որ իշխանություն չի փնտրում: Նաեւ կարծում է, որ ընդարմացած հասարակությանը ցույց տվեց, որ ոչ մի բանից վախենալ պետք չէ, պետք է սեփական տեսակետը հայտնել: Մարտի 1-ի մասին ասել է այն, ինչի մասին խոսել էր նախորդ հարցազրուցներում. մասնավորապես, զոհերի համար պատասխանատվությունն առաջին հերթին կրում են նրանք, ովքեր հրահրել են զանգվածային անկարգությունները:

Եվ, վերջապես, Նիկոլ Փաշինյանի մասին. գործող վարչապետին նախկին նախագահը գիսաստղի հետ է համեմատել, որը շատ արագ այրվում է: Հայաստանի ներկա իշխանությունը որակելով քաոսային, տնտեսությունից անտեղյակ, առանց հստակ աշխարհաքաղաքական գերակայությունների՝ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ վարչապետին, հավանաբար, մտահոգում են իր նախագահության ժամանակ ձեռք բերված արդյունքները: Իսկ այսօր, նախկին նախագահի գնահատմամբ, Հայաստանում ունենք հասարակության բաժանում՝ սեւերի եւ սպիտակների, գնաճ, ներդրումների բացակայություն, քանի որ վախեցրել են ոչ միայն սեփական, այլեւ արտասահմանյան ներդրողներին:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել: Առավոտյան նրանք բողոքի ակցիա են անցկացրել ինստիտուտի շենքի մոտ. ռեկտոր Դավիթ Մուրադյանի եւ բուհի ղեկավար կազմի հրաժարականն են պահանջում: Ակցիային, ի դեպ, նաեւ դասախոսներ են միացել: Ասում են՝ խնդիրները բուհում շատ են, ուսանողները ցանկանում են պատշաճ ուսում ստանալ, որի համար վճարում են:

Ակցիայի մասնակիցներն ասում են՝ ռեկտորն անտեղյակ է, որ իր կողքի կաբինետում նստածը կարող է ինստիտուտի հաշվին «գումար լվանալ»: Ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր ինստիտուտում չարաշահումներ հայտնաբերելու մասին. 2012-2016 թվականներին այստեղ հասնիքներ են գրանցել, աշխատավարձ վճարել, բայց փաստացի պատկերն այլ է եղել: Ուսանողներն արդեն հանդիպել են ռեկտորի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ինստիտուտում չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել:

«Ֆլորենս» փոթորկի հետեւանքով ԱՄՆ-ում զոհերի թիվն ավելանում է: Բնության աղետն արդեն 32 մարդու մահվան պատճառ է դարձել. զոհերի թվում նաեւ երեխաներ կան: Փոթորիկը պատուհասել է ամերիկյան Հյուսիսային եւ Հարավային Քարոլինա նահանգներին: «Ֆլորենս»-ը Միացյալ Նահանգների ատլանտյան ափերին է հասել սեպտեմբերի 14-ին: Փոթորկի ուժն արդեն թուլացել է, սակայն պահպանվում է հեղեղումների սպառնալիքը, քանի որ հսկայական քանակությամբ տեղումներ են գրանցվել: Աղետի գոտում հայտնված նահանգների ավելի քան 27 հազար բնակիչներ ժամանակավոր ապաստարաններում են: Շուրջ 523 հազար տուն եւ ձեռնարկություն հոսանքազրկվել է:

Դոլարը շարունակում է արժեզրկվել, եվրոն փոքր-ինչ թանկացել է: Սեպտեմբերի 19-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Սեպտեմբերի 20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ