News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ համաներման արդյունքում պատժից կազատվեն մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր ունեն երեք եւ ավելի անչափահաս երեխա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ համաներման նախկին նախագծերում նման կետ երբեք ներառված չի եղել։

Նա նշեց, որ աննախադեպ փոփոխություն է նաեւ այն, որ համաներման ակտով փոփոխվել է համաներման միջոցով նշանակված պատժի չկրած մասը կրճատելու կանոնը, այսինքն ոչ թե կրճատվելու է պատժի չկրած մասը, այլ ՝ նշանակված ամբողջ պատիժը։

Նախարարի պաշտոնակատարը թվեց մի քանի այլ կետեր եւս, որոնք նախորդ համաներման ակտերում ներառված չեն եղել։

«Եթե նախկինում որոշակի պայմանների առկայության դեպքում պատժից ազատվում էին մինչեւ 3 կամ 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ապա նոր ակտով այդ շեմը բարձրացվել է մեկական տարի՝ 3–ի փոխարեն 4 եւ 5–ի փոխարեն 6 ։ Սա բնականաբար հանգեցնելու է շահառուների թվի ավելացմանը։ 4 եւ 6 տարվա շեմը կիրառվելու է այն դեպքերում, երբ քրեական գործի հարուցումը մերժվում է կամ քրեական գործը կարճվում է, կամ քրեական հետապնդում չի իրականացվում, կամ դադարեցվում է»,–ասաց նա նշելով, որ համաներման այս կետը տարածվում է այն անձանց նկատմամբ, որոնց կատարած հանցագործություններն անմիջականորեն չեն առնչվում մարդու մահվանը հանգեցրած այն դեպքերին, որոնցով առկա է տուժողների իրավահաջորդների առարկություն։

Զեյնալյանը նշեց, որ համաներման ակտով առանձնացվել են սոցիալական որոշակի խմբեր, որոնց կազմում ընդգրկված մարդիկ կարող են կալանքից ազատվել, եթե դատապարտվել են մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկման։

«Դրանց մեջ ընդգրկված են, օրինակ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամները, հղի կանայք , մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող անձինք, 60 տարին լրացած անձինք, մինչեւ 18 տարեկանը հանցագործություն կտարած անձինք եւ այլ սոցիալական խմբեր»,–ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարը կոչ արեց շահառուներին ընդունել համաներման ակտը այն նպատակների շրջանակներում, որի համար այն իրականացվել է.

«Կոչ եմ անում բոլոր շահառուներին իրենց վարքագիծը համապատասխանեցնել հասարակության լիիրավ անդամի վարքագծին, որպեսզի համաներում իրականացրած ՀՀ ժողովուրդը չզղջա իր նվիրատվության, իր բարի կամքի դրսեւորման համար»,–ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համաներման մասին օրենքի նախագիծը:

Համաներումը տարածվելու է ավելի քան 6500 քաղաքացիների վրա:

Տպել
Ամենաշատ