«Երկիր»-ը գրում է. «Իր պատգամավորական գործունեությամբ անհայտ, բայց այլապես շատ էլ հայտնի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Երկիր» օրաթերթին դատի է տվել։ Նա գտնում է, որ մենք արատավորել ենք իր պատիվն ու արժանապատվությունը այս տարի հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրի տակ, երբ այբբենական հերթով ներկայացրել ենք այս պատգամավորին։ Մեզանից 3.000.000 դրամ է ուզում՝ գումարած 568.000 էլ՝ իբրեւ դատական ծախսերի փոխհատուցում։

Հայցադիմումը ներկայացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Ուսումնասիրելով հայցադիմումը՝ դատավոր Ռ. Ափինյանը որոշել է գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ ս.թ. մարտի 25-ին։  Մենք էլ ենք նախապատրաստվում՝ առայժմ ուսումնասիրելով պարոն Արզաքանցյանի պատվին ու արժանապատվությանն առնչվող բազմաթիվ հրապարակումները հայկական ու ռուսական մամուլում։ Ուսումնասիրում ենք՝ պատգամավորին աջակցելու ազնիվ նպատակով, եթե նա միանգամից դատի տա այդ բոլոր լրատվամիջոցներին, ապա շատ ավելի մեծ գումարներ կարող է շահել եւ ծախսել իր հայեցողությամբ, ասենք, կազինոներում։ Կհանդիպենք։ Դատարանում»։