News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրկնահացադուլի հինգերորդ օրն է. չքնելուց կամաց-կամաց խելագարվում եմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր/տնօրեն Հովհաննես Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Non vi, sed arte*

Ֆիլմ արողի միսն ու արյունը

***

Կրկնահացադուլի հինգերորդ օրն է։ Չքնելուց կամաց-կամաց խելագարվում եմ։ Ոստիկաններն անհանգստանում են, շտապ օգնությունն առաջարկում է տեղափոխվել հիվանդանոց, իսկ պետական կառույցները, որ պիտի պահեն-պահպանեն, շահեն-փայփայեն արարելու իմ իրավունքը, պատ են, լուռ են։ Պատճառը թշնամանքն է։ Իմ հանդեպ։ Ասում են՝ ԴՈՒ մի արա ֆիլմ։ Ուրիշներն անեն, դու մի արա։ Հարցնում եմ ինչո՞ւ։ Հարցը մնում է օդում։

Լինի մեկը, բերի մեկ փաստարկ՝ ինչու չպետք է լինի «Տատիկիս Վարսերը»։ Սիրով կլսեմ։ Կթողնեմ կհեռանամ կինոյից։ Ֆիլմ չեմ անի։ Բայց, պետական այրեր, կինոյի պատասխանատուներ, բերեք ՄԵԿ հիմնավորված փաստարկ՝ ինչու՞ չպետք է արվի։ Չէ՞ որ կոտրած ձեր ձեռքով եք ստանձնել պարտավորություն։ Ինձ չէ՝ աշխարհով մեկ խոստացել եք։ Նայեք ֆիլմի ներսը, փոքր, պստլիկ սողուններ, ո՞վ եք դուք այս պատմության մեջ։

Մի կողմ դրեք իմ անձը, ծառա եղեք, երախտապարտ եղեք հասարակությանը, որ ձեզ սնում է, եղեք պետական ծառայող՝ կատարեք ձեր գործը, հասկացեք ձեր առաքելությունը։ Հասկացե՛ք ինչի հետ գործ ունեք։ Դուք չեք գնում «գործի», գնում եք տաճար, որտեղից մարդիկ տքնելով արվեստ են հանում։ Վաղը ձեզանից փոշի չի մնալու, մարդկանց արածը մնալու է։

Դուք չգիտեք՝ ինչ միս, ինչ արյուն ունի ֆիլմ արողը։ Ես գալու եմ առաջ, դուք հետ եք քաշվելու։ Բարեկամի խորհուրդ եմ տալիս․ սանձե՛ք ձեր ատելությունը, սանձե՛ք ձեր մեծամտությունը, սանձե՛ք ձեր թշնմանքը։ Խաղաղություն հաստատեք ձեր մտքում։ Համապատասխանե՛ք այսօր ի դժբախտություն մեզ, ձեզ վստահված դերին։ Վաղը չէք լինելու, ձեր ապականված անունն է լինելու որպես խարան ձեր թշվառ ցեղի վրա։ Բարեկամի խոսք եմ աում։

Non vi, sed arte* – Ոչ ուժով, բայց արվեստով»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը:

Կինոռեժիսորն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման եւ հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը եւ արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:

Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ.-ին նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։

2016թ.-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։

Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար։

«2016թ.-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ.-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է»։

Տպել
Ամենաշատ