Ամբողջ տարվա ընթացքում գրավատների ու փոխանակման կետերի վճարած հարկերը անտրամաբանական ցածր են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքը 60 անգամ ավելացնող օրինագիծը։
«Գրավատների եւ փոխանակման կետերի հետ կապված տարակարծություններ կան, որ միանգամից տուրքը բարձրացվում է 60 անգամ։ Այստեղ կառավարությունը պետք է դեռ ներկայացնի հիմնավորումներ, սակայն այն ցուցանիշները, որ ապահովել են գրավատները, ինձ մոտ տարակուսանք են առաջացնում։ Ամբողջ տարվա ընթացքում նրանց վճարած հարկերը անտրամաբանական ցածր են, այսինքն՝ գործ ունենք ստվերի հետ»,- նշեց նա։
Պատգամավորը սրանք չի համարում բիզնես ուղղություններ՝ նկատի առնելով, որ ավելացած արժեք չեն ստեղծում․ «Դա որպես բիզնես ընկալել, ու այդ բիզնեսի զարգացման վրա ռեսուրսներ ծախսել... Ես չեմ համարում, որ գրավատունը բիզնես է, ինձ համար բիզնեսը ավելացված արժեք ստեղծող բան է, չեմ կարծում, որ գրավատներն ավելացված արժեք են ստեղծում»։
Դիտարկմանը, որ 60 անգամ տուրքի բարձրացման դեպքում գրավատները կարող են փակվել, նա նշեց, որ եթե այդպես էլ մնան, վաղ թե ուշ փակվելու են. «Նույն գործունեությամբ զբաղվում են բանկերը, որոնք շատ ավելի մոբիլ են, շատ ավելի արդյունավետ են աշխատում, ավելի վստահելի են։ Եթե մենք ոչինչ էլ չանենք, գրավատներին ստվերից բերենք սպիտակ դաշտ, չեն դիմանա»։
Բացի այդ՝ Հայկ Գեւորգյանը հայտնեց, որ ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ գրավատներ վերահսկում են տարակուսելի անձինք. «Կան տեղեկություններ, որ որոշ գրավատներ այնքան էլ օրենքի սահմաններում չեն գործում, չեմ ուզում պնդումներ անել, բայց գտնվում են շատ տարակուսելի անձանց վերահսկողության տակ։ Օրենքի դաշտ բերել նշանակում է խստագույն վերահսկողություն, իսկ այդ պայմաններին բավարարում են բանկերը։ Ես ձեռնպահ կմնամ կանխակալ կարծիք հայտնելուց, խնդիրն ամբողջությամբ պետք է ուսումնասիրենք, նոր կհասկանանք՝ ինչ ենք անում»։
Պատգամավորի համար տարակուսելի է, թե ինչու են քիչ եկամուտներով բիզնես անում. «Գրավատների վերաբերյալ վիճակագրությունը նայելուց, ըստ պաշտոնական շրջանառությունը, եկամուտները հաշվարկելուց գրավատան տերը ամսական, մոտավորապես, 300 հազարի եկամուտ է ունենում։ Ինձ դա այդքան էլ վստահելի չի թվում։ Այս բիզնեսի տակ մտնել այդքան քիչ եկամուտով... վստահելի չեն տվյալները»։
Նրա խոսքով՝ ԱԺ–ում որոշակի տեխնիկական հարցեր կարելի է փոփոխել օրինագծում, օրինակ՝ ժամկետներ ու գոտիականություն սահմանել. «Գուցե վերանայվի պետտուրքի չափը, բայց կառավարության հիմնավորումներին ծանոթանալուց հետո»։
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով գրավատների եւ փոխանակման կետերի պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝100 000 ՀՀ դրամից դառնալով 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ: Փոխանակման կետերի եւ գրավատների ներկայացուցիչների բողոքի ցույցեր էին դուրս եկել։ Ցուցարարների հետ հանդիպած վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նշել է, որ նախագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով, իսկ նախագծում փոփոխություններ հնարավոր կլինի անել Ազգային ժողովում։





























