News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Այս իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք նորմալ աշխատանքային պայմաններ չեն ապահովել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով կեղտոտ դրոշի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ի աշխատակցին արված հրապարակային նկատողությանն ու դիմում գրելու պահանջին։

Նա վստահ է՝ ՊԵԿ–ի նախագահը պետք է իր կառույցում տիրող վիճակի համար պատասխան տա. «ՊԵԿ–ի նախագահը միայն պարգեւատրումներ բաշխող չէ։ Նա պետք է պատասխանատու լինի իր աշխատակիցների աշխատանքային  պարտականությունների կատարման, աշխատանքային պայմանների ապահովման համար։ Վարչապետն իր ենթականերին, պետական մարմինների ղեկավարներին, որոնց նշանակում է, պետք է կարողանա կառավարել այնպես, որ նրանք կառավարման այդ ոճը տեղափոխեն իրենց կողմից կառավարվող ոլորտ»,– նշեց նա։

Սաքունցը շեշտեց՝ ավելի շատ ՊԵԿ–ի նախագահն է թերացել. «Եթե ՊԵԿ–ի նախագահն ասի՝ ջանք եմ գործադրել, սովորեցրել, հրահանգավորել, ապա անբարեխիղճ աշխատողին կարելի է ազատել, բայց մենք չգիտենք՝ ինչ ջանք է գործադրել ՊԵԿ նախագահը»։

Իրավապաշտպանի խոսքով՝ դիտողությունը պետական պաշտոնատար անձի նկատմամբ կարող է լինել, բայց ազատման պահանջը հիմնավոր չի. «Եթե դիմումում գրել է վարչապետի բանավոր ցուցման համաձայն, դա բացարձակապես որեւէ հիմնավորում չի կարող հանդիսանալ եւ դիմումը ընդունողն էլ չի կարող ազատել։ Իսկ եթե գրել է սեփական դիմումի համաձայն, ապա գործատուն պետք է հստակ ճշտի, թե ինչով է պայմանավորված աշխատողի կողմից սեփական կամքով աշխատանքից հեռանալը։ Քանի որ դա հրապարակային է եղել, պարզ է, չի կարող ձեւական թղթաբանությունը որեւէ նշանակություն ունենալ»։ 

Հարցին՝ օրինաչա՞փ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազատման դիմում պահանջելը տեղում, նա նշեց. «Այն վրդովմունքը, որն արտահայտվեց, հասկանալի էր, այդ պայմաններում աշխատելը պաշտոնատար անձի համար, դրոշը եթե չլիներ, էլի վրդովմունքը կլիներ։ Բայց արտահայտման ձեւը, կարծում եմ, որ ճիշտ չէր։ Աշխատանքից ազատման հրաման տալու իրավունք վարչապետը սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ չունի մեկին, որին ինքը աշխատանքի չի ընդունել։  Միանշանակ է, որ իրավական տեսանկյունից որեւէ հիմնավորում չունի վարչապետը»։

Սաքունցը կարծում է՝ դիմումը չպետք է բավարարել. պետք չի այնպիսի հրահանգներ տալ, որը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել։

Տպել