News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

124 մլն դրամը Քաղաքացու օրը տոնելու համար՝ այնքան էլ մեծ փող չէ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Նրա խոսքով, եթե այդ միջոցները բաժանենք առանձին մարզերի եւ քաղաքների վրա, կպարզվի, որ այնքան էլ մեծ փող չէ։ «Առաջ այդ գումարները կարող էին ծախսվել մի ինչ-որ տոնակատարության համար միայն Երեւանում, դրա համար էլ խոսակցություններն այս թեմայով փոքր-ինչ չափազանցված են։ Կարծում եմ, հետագա տարիներին նման բուռն արձագանք չի լինի, քանի որ իրականում դրա համար հիմքեր չկան»,- նշել է նա։

Գասպարյանն ավելացրել է, որ քաղաքացին, որն «անցած տարի աննախադեպ քայլ արեց, կարողացավ բացառապես խաղաղ ճանապարհով՝ իր կամքը թելադրելով, հասնել երկար տարիներ արմատացած իշխանության հեռանալուն, իրավունք ունի նշելու այդ իրադարձությունը»։

Նա նշել է, որ Էջմիածնում նույնպես տեղի կունենան միջոցառումներ՝ հաշվի առնելով, որ էջմիածինցիները նույնպես մասնակցել են տեղի՝ լոկալ իշխանափոխությանը։ «Էջմիածնում կանցկացվեն միջոցառումներ խորհրդանշանների եւ ատրիբուտիկայի օգտագործմամբ, որոնք եղել են հեղափոխության օրերին։ Մենք գիտենք, որ փակվել են փողոցներ, քաղաքացիները հյուրասիրել են միմյանց։ Եղիշե Թադեւոսյանի անվան դպրոցի աշակերտները կցուցադրեն, թե ինչպես են հիշում հեղափոխության օրերը։ Բացի այդ, կկազմակերպվի ցուցահանդես, ինչպես նաեւ Քաղաքացու անկյուն, որտեղ մարդիկ կկարողանան ներկայացնել իրենց առաջարկությունները»,- պարզաբանել է քաղաքապետը։

Միաժամանակ, Դիանա Գասպարյանը հավաստիացրել է, որ Էջմիածին չեն ուղարկվել առանձին միջոցներ տոնակատարության համար, այլ քաղաքի բյուջեից ծախսվել է ընդամենը մի քանի հազար դրամ։ «Մենք շեշտադրում ենք այն, որ քիչ միջոցներով կազմակերպենք կրեատիվ միջոցառումներ»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվա տոնակատարության համար, որը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, 124 մլն դրամ հատկացնելու որոշումը քննադատություն է առաջացրել հասարակությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ