News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ստեփանավանի Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցի աշխատակազմն այսօր՝ հուլիսի 26-ին, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ակնկալում ենք վարչապետի աջակցությունը, որպեսզի դպրոցի տնօրենի պաշտոնում շարունակի մնալ 20 տարի պաշտոնավարած Լիլյա Հարությունյանը։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի աշխատակազմի անդամներս, օգտվելով մեր քաղաքացիական իրավունքից, ակնկալում ենք Ձեր աջակցությունը:

Հուլիսի 23-ին նշանակված էր Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը, որին պետք է ներկայանային կառավարման խորհրդի ութ անդամները, սակայն նրանցից երեքը չներկայացան (Լոռու մարզպետի ներկայացուցիչները եւ ԿԳՄՍ նախարարի ներկայացուցիչը): Այդ օրը խորհուրդը իրավազոր չէր մրցույթն իրականացնելու: Ըստ գործող կարգի, մրցույթը հետաձգվեց երկու օրով: Պատմությունը կրկնվեց. խորհրդի նիստին չներկայացան նույն մարդիկ:

Ո՞րն է նրանց պարտականությունը. մեջբերում դպրոցի կանոնադրությունից ՝ «դպրոցի կառավարման խորհրդի անդամը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի եւ կրթության արդյունավետության»:

Դպրոցի կառավարման խորհուրդը որոշել է ըստ գործող կարգի հայտարարել նոր մրցույթ. դիմել մարզպետին՝ նոր գործընթաց սկսելու համար:

Մենք չենք պարտադրում նրանց մեր կամքը, միայն ուզում ենք, որ սահմանված կարգով ապահովեն իրենց ներկայությունը խորհրդի նիստերին, հատկապես այս պատասխանատու պահին: Պարզ երեւում է, որ միտումնավոր է արվում, որպեսզի մրցույթը չկայանա, քանի որ հավակնորդներից մեկը մեր դպրոցի տնօրենն է՝ Լիլիա Հարությունյանը: Ո՞րն է պատճառը, չենք հասկանում: Նման վերաբերմունքը վիրավորում է ամբողջ կոլեկտիվին:

Մեր տնօրենը բանիմաց, իր գործին նվիրված, թեˊ ծնողների, թեˊ աշակերտների, թեˊ կոլեկտիվի կողմից հարգանք վայելող, խելացի, իր գործին տիրապետող տնօրեն է: Նա միշտ ջանացավ է եւ հոգատար բոլորի նկատմամբ, միեւնույն ժամանակ խստապահանջ է, հետեւողական:

Նա հմտորեն է ղեկավարում կոլեկտիվը, ունի հարուստ գիտելիքներ, իր փորձով, գիտելիքներով ու կարողություններով ուղղորդում է ուսուցիչներին, ապահովում է յուրաքանչյուրիս մասնագիտական աճը:

Լիլիա Հարությունյանը չի եղել նախկին վարչակազմի նվիրյալը, իր կամքը երբեք չի թելադրել ուսուցիչներին, ընտրությունների ժամանակ չի բռնացել որեւէ մեկիս վրա: Թավշյա հեղափոխության ժամանակ առաջինն էր քաղաքում, որ իր կոլեկտիվի հետ մասնակցեց ցույցերին՝ ակնկալելով արդարություն եւ մարդասիրություն:

Այսօր մենք խնդրում ենք, որ Ձեր օգնությունը ցուցաբերեք, հաշվի առնեք կոլեկտիվի խոսքը: Նախապես շնորհակալ ենք եւ հավատով սպասում ենք Ձեր արձագանքին»։

Հիշեցնենք, որ երեկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2-րդ դպրոցի տնօրենի մրցույթը երկրորդ անգամ կրկին չկայացավ, 8 անդամից կազմված խորհրդից 3-ը, ինչպես՝ նախորդ, այնպես էլ այդ անգամ, ներկա չեն եղել։ Մրցույթի չկայանալը դպրոցի աշխատողների եւ ծնողների մոտ առաջացրել էր խուճապ, նրանք պահանջում էին, որպեսզի տնօրենի պաշտոնում շարունակի մնալ Լիլյա Հարությունյանը։ Ծնողներից մի քանիսը NEWS.am-ի հետ զրույցում ասացին, եթե տնօրենի պաշտոնում չլինի Լիլյա Հարությունյանը իրենց երեխաներին սեպտեմբերի 1-ից դասի չեն ուղարկելու։ 

 

Տպել
Ամենաշատ