News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես չեմ պատրաստվում ուսանողների հետ լրատվական դաշտում պատերազմել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝  անդրադառնալով Տնտեսագիտականի ուսանողների՝ իր հասցեին հնչեցրած այն մեղադրանքներին, որ իր գիտական աշխատանքներում առկա են ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։

«Դրանք կապված չեն գիտական աշխատանքի հետ, այլ կապված են մի քանի հոդվածների հետ, բացի այդ, այն հղումները, որոնք իրենք համացանցից գտել, տեղադրել են, ես ունեմ դրանց հարդ քոփիները, որտեղից որ ես դրանք գրել եմ և հարկ եղած պարագայում ես դա կարող եմ ներկայացնել համապատասխան մարմիններին, սակայն լրատվական դաշտում չեմ պատրաստվում նրանց հետ գնալ պատերազմի»,– ասաց ռեկտորի պաշտոնակատարը։ Դիանա Գալոյանի կարծիքով՝ այս եղանակով ուսանողները փորձում են վերադարձնել հրաժարական տված նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին։

Դիտարկմանը, թե նոր ուսումնական տարին արդեն սկսում է, մինչդեռ բուհում լարվածությունը չի թուլանում, Գալոյանն արձագանքեց.

«Նոր ուսումնական տարին բնականոն կերպով սկսում ենք, դասացուցակներն արդեն պատրաստ են, դասախոսների բեռնվածությունները` որոշված, իսկ միջանձնային հարաբերությունները որևէ կերպ չեն կարող խոչընդոտել ուսումնական պրոցեսին, իհարկե  այս ավելորդ լարվածությունն ու աղմուկը ոչ մեկիս համար ցանկալի և ընդունելի չէ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ի վերջո պետք է գիտակցել, որ սա ուսումնական  հաստատություն է, որտեղ աշխատում են մտավորականներ, և բուհում առկա խնդիրները տանել նման հարթություն, անընդունելի է։

Հարցին՝ հնարավո՞ր է ուսանողների հետ լարվածություն այն աստիճանի հասնի, որ  նա հրաժարական տա, Գալոյանը պատասխանեց.

«Չեմ կարծում»։

Նշենք, որ այսօր ՀՊՏՀ ուսանողները նամակ են հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ բացահայտել են արտագրության տասնյակ դեպքեր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատություններում։ Ուսանողները բացահայտել են, որ Գալոյանը արտագրություններ է կատարել կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից։ Նրանք տեղադրել են արտագրված աղբյուրների հղումները։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Տնտեսագիտականի՝ աշխատանքից ազատված դասախոսները ռեկտորի արդեն նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին էին մեղադրում դոկտորական ատենախոսության մեջ առկա արտագրությունների համար, ինչից հետո նա ստիպված եղավ հրաժարական տալ, ինչից հետո Դիանա Գալոյանը նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար։

Նշենք, որ Դիանա Գալոյանը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է:

Տպել
Ամենաշատ