News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանում արդեն մոտ 2 ամիս է՝ լարված են ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի եւ ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանի հարաբերությունները։

NEWS.am-ը հարցի շուրջ զրուցել է Արմեն Ավետիսյանի հետ։

«Ռեկտորը գրություն է ուղարկել, որ ինքը թվով 29 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը ցանկանում է լուծել, քանի որ ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ առանց Արհմիության գրավոր նախնական համաձայնության գործատուն իրավունք չունի իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը, ինքն ուղարկել է գրություն։ Մենք պատասխանել ենք, որ մեր անհամաձայնությունն ենք հայտնում, համաձայն չենք, որ 29 աշխատակցի աշխատանքից ազատեն։ Դրանից հետո ինքը նորից է գրություն ուղարկում, այս դեպքում վերջնագրի տեսքով։ Գրությունում նշված է, որ եթե դուք համաձայնություն չտաք, մենք ձեզ հետ կվերանայենք մեր հարաբերությունները եւ կխզենք կոլեկտիվ պայմանագիրը։ Այսինքն՝ սա վերջնագիր է արհմիությանը, որի իրավունքը գործատուն չունի, եւ նշանակում է խոչընդոտել արհեստակցական կազմակերպության աշխատանքներին։ Մենք երկրորդ գրությանն էլ ենք պատասխանում, որ մեր պատասխանը վերջնական է, մենք անհամաձայնություն ենք հայտնում, եւ եթե մեր որոշման հետ համաձայն չեք, կարող եք վիճարկել դատական կարգով, որը թույլ է տալիս աշխատանքային օրենսգիրքը»,- նշեց Արմեն Ավետիսյանը։

ԵՊՀ արհմիության նախագահի խոսքով՝ կոլեկտիվ պայմանագիրը խզելը լուրջ վտանգներով է հղի. «Եթե լուծվի կոլեկտիվ պայմանագիրը, ապա ցանկացած աշխատողի ցանկացած պատրվակով ցանկացած ժամանակ կարելի կլինի աշխատանքից ազատել, որեւէ մեկը չի լինի, որ կարողանա անհամաձայնություն հայտնել կամ ձեռքը բռնել, որ չազատի, գործատուի ձեռքերն ազատվում է»։

Նա շեշտում է՝ Արհմիությունը խանգարում է անցանկալի կադրերից ազատվելու հարցում։

«Իր գրությամբ ռեկտորը ցանկանում էր ցույց տալ, որ եթե Արհմիությունը չի համաձայնվում իր ասածի հետ, կլուծի կոլեկտիվ պայմանագիրը։ Վերջին հաշվով նա չկարողացավ համակերպվել այն մտքի հետ, որ Արհմիությունը աշխատողների շահերի պաշտպանության կազմակերպությունն է, ոչ թե գործատուի ցանկություններն իրականացնողը»,- նշեց Արմեն Ավետիսյանը։

Նա նկատում է՝ կոլեկտիվ պայմանագիրը խզելու համար ռեկտորը պետք է ներկայացնի պատճառ։

«Աշխատանքային օրենսգրքի 61-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ կողմերից որեւէ մեկը կոլեկտիվ պայմանագիրը խզելու հետ կապված պետք է կոլեկտիվ պայմանագրով սահմանված ձեւով եւ պայմաններով ներկայացնի, թե ինչու է խզում, ինքնանպատակ չի կարող խզել»։

Արմեն Ավետիսյանը չի հիշում, որ երբեւէ՝ ԵՊՀ-ի 100–ամյա պատմության մեջ գործատուն ցանկանա խզել կոլեկտիվ պայմանագիրը, նրա խոսքով՝ «չլսված բան է սա»։

Հարցին՝ ինչու է այժմ առաջացել այս խնդիրը, նախկինում Արամ Սիմոնյանի առաջարկած ազատումների հետ արկմիությունը միշտ համաձայնություն է տվել, թե գործատուն միշտ հաշվի է նստել արհմիության հետ, նա պատասխանեց. «Նախկինում մի գրությամբ 30 աշխատակցի աշխատանքից ազատելու գրություն չեմ ստացել, բացի այդ մեկ աշխատողին մինչեւ ազատելու ծանուցում ուղարկելը այդ հարցերը քննարկվել են, եկել ենք ընդհանուր հայտարարի, որ ենթադրենք մի աշխատակցի այստեղից հանում եք, պետք է մեկ այլ աշխատանքով ապահովեք, աշխատանք առաջարկեք»։

ԵՊՀ արհմիության նախագահը ենթադրում է, որ ռեկտորի պաշտոնակատարը առաջիկայում պատրաստվում է զանգվածային ազատումներ անել. «Կոլեկտիվ պայմանագիրը համաձայնեցվել եւ քննարկվել է 2-3 ամիս, համալսարանի բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ կազմի, վարչական եւ տնտեսական կազմի հետ հատ–հատ քննարկվել է, եւ բոլոր աշխատողների հետ քննարկելուց հետո է միայն կնքվել կոլեկտիվ պայմանագիրը, բայց արի տես, որ մարդը միանձնյա ցանկանում է խզել կոլեկտիվ պայմանագիրը։ Բացի այդ նա գործատու էլ չի, ժամանակավոր պաշտոնակատար է, գուցե վաղը ինքը չի դառնում ռեկտոր, բայց այսօր աշխատողներին կանգնեցնում է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»։

Տպել
Ամենաշատ