News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


«WCIT 2019» ՏՏ երեւանյան համաժողովի 3-րդ եւ վերջին օրն էր այսօր։ IT նորությունների ցուցադրությամբ զարմացրել են նաեւ մեր մասնագետները։

WCIT-ի շրջանկում ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը ասուլիս հրավիրեց։ Թեմաները տարբեր էին՝ մշակութայինից մինչեւ քաղաքական, նա ողջունում է մեր երկրում ընթացող փոփոխությունները, եկող տարի հունիսին էլ պատրաստվում է համերգով գալ Երեւան։

Քիմ Քարդաշյանն էլ հյուր է եղել երկրի գլխավոր հասցեներում, երեկ երեկոյան մեգաստղը Բաղրամյան 26-ում նախագահի հյուրն էր ։

Իսկ այսօր նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Քիմին ասել է, որ գնահատում է նրա ակտիվությունը ի նպաստ Հայաստանի, նշել է, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աճում է եւ դրա մեջ Քարդաշյանը ներդրում ունի։ Այս հանդիպումից Փաշինյանը նաեւ նկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչ անել. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» այսպիսի անվանումով խորհրդաժողով է սկսվել Երեւանում։ Ինչ անելու ու դրա խոչընդոտների մասին է խոսել վարչապետ Փաշինյանը։ Օրինակ՝ ասել է՝ իշխանությունը չունի Հայաստանի «ռենտգենը»՝ վիճակագրությունն այլ է, իրողությունները՝ բոլորովին այլ, եւ առանց այդ «ռենտգենի» հաճախ կույր որոշումներ են կայացվում ։ Բացի թվերից՝ խնդիր են նաեւ այն մարդիկ, որոնք բարձր կոչումներով իրենց համար անձեռնմխելիություն են ապահովել։

Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի երեկվա հարցազրույցն այսօր ակտիվորեն քննարկվում է, հիշեցնենք՝ Բալասանյանը հայտարարել էր, որ Սասնա ծռերն ու Նիկոլ Փաշինյանն մեկ ամբողջություն են՝ մեկ ահաբեկչական խմբավորում, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով բռնազավթել է իշխանությունը, եւ որ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ։ Այսօր պատասխան հայտարարություն տարածեց «Սասնա Ծռեր» կուսակցությունը՝ իշխանությունից պահանջելով ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք եւ չեզոքացնել պետության անվտանգությանը եւ քաղաքացիների կյանքին ուղղված սպառնալիքները:

Շուտով դատախազությունից տեղեկացրին, որ Բալասանյանի հարցազրույցի տեսանյութը գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ նրան  նոր մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Իրականում, ըստ փաստաբանների, մեղադրանքի պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նրանք հայտարարել են՝ «նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաեւ կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է»։

Մինչ այս Արա Վարդանյանը եւս ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրեն ազատությունից զրկելու որոշում է կայացվել․ «Իրենց թվում է, թե դրանով կարողանալու են լռեցնել իրենց «դուխով» գլխարկի տակ չմտնողներին, բայց չարաչար սխալվում են: Առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում եւ պայքարելու եմ մինչեւ այս աբսուրդին վերջ տրվի։ Սա պարզունակ քայլ է՝ ինձ լռեցնելու համար: Իրենք չեն հասկանում, որ բերդապետության ու բռնապետության պայմաններում կալանավորված լինելը ոչ թե պատիժ է, այլ հպարտություն»,- հայտարարել է նա։

Թուրքկան ռազմարշավը դեպի Սիրայի հյուսիս սկսվեց, գործողությունը կոչվում է «Խաղաղության ակունք»։ Նախագահ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի նպատակը հարավային սահմանին ահաբեկչական միջանցքը վերացնելն է և տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն հաստատելը: Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանի ժողովրդին ազատում ահաբեկչությունից: Մենք արմատախիլ կանենք ահաբեկչական սպառնալիքը Թուրքիայի դեմ»: Ռազմական գործողությունը սկսելուց ժամեր առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն ռազմական գործողության մասին տեղեկություններ հայտնելու համար: Քրդական ուժերը հայտնում են, որ թուրքական օդուժը ռմբակոծում է Սիրիայի տարածքը:

Դոլարի փոխարժեքն այսօր աննշան աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 523 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 582, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 35 դրամ։

Հայաստանում հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +26+28:    

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը