News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի բավարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին 2 ամսով կալանավորելու Հատուկ Քննչական ծառայության  միջնորդությունը։ Դատարանը, սակայն, ոչ իրավաչափ է ճանաչել Բաբայանին ձերբակալելու որոշումը։ Հիշեցնենք` Բաբայանը ձերբակալվել էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որ նա, 2018 թվականին օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն:

Կալանքը որպես խափանման միջոց ընդհանրապես չի կարող կիրառվել Արսեն Բաբայանի նկատմամբ մի շարք հանգամանքներով պայմանավորված, լրագրողներին հայտարարել է Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքն անհիմն է,  դատարանը պետք է արձանագրեր, որ հիմնավոր կասկած չկա։ «Սա քաղաքական դատավարություն է, որ այս պրոցեսում դատավորը չէր կարող անկախ լինել։ Մեզ հասկանալի էր, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որ հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի նկատմամբ, դատարանն էլ դա արեց»,-ասել է Լուսինե Սահակյանը։

Փաստաբանի միջոցով «Հրապարակ»   օրաթեթին փոխանցած ձեռագիր նամակում Արսեն Բաբայանը վստահեցրել է, որ չի կատարել այնպիսի արարք, ինչի համար հնարավոր կլինի իրեն օրինական կարգով ենթարկել պատասխանատվության, որ իր նկատմամբ սկսված քրեական հետապնդումն ամբողջությամբ ապօրինի է։ Բաբայանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին, հորդորել իր համար հանգիստ լինել։ «Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ», գրել է նա։

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր Հատուկ Քննչական Ծառայություն են հրավիրվել հարցաքննության։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Բաբայանը կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությունը հրապարակելու համար, ինչն էլ հիմք է դարձել վերջինի լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: Այս քրեական գործում Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Կառավարության նիստում միջադեպ է գրանցվել տիեզերական գործունեության համար հարկային արտոնությունների վերաբերյալ քննարկման ժամանակ: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը դրական է գնահատել այդ նախագիծը՝ նշելով, որ Հայաստանը փոքր երկիր է, սակայն տիեզերական գործունեության ոլորտում պատմություն ունի. «Գրիգոր Գյուրզադյանի օպտիկական սարքեր առ այսօր օգտագործվում են տիեզերագնացության մեջ:

Նիստի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է կարողանա իր կատարած բարեփոխումները ներկայացնել ոչ միայն պաշտոնական, այլեւ առօրյա լեզվով. Խնդիրը վերաբերում է դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով իրականացնելուն: Մամուլում լուրեր էին տարածվել, որ երկրում փակվում են տուն ինտերնատներն ու գիշերօթիկ դպրոցները, ինչը իրականությանը չի արտացոլում։ Փաշինյանը բերել է Գյումրիի գիշերօթիկի օրինակը, որտեղ, ըստ նրա՝ ավելի շատ աշխատակից կա, քան երեխա։ «Պետք է խիստ վերահսկողություն սահմանել, որ կոպեկ փախցնոցների հնարավոր վտանգները կառավարենք: Կարեւոր է, որ այդ գումարները հասնեն հասցեատերերին», ասել է վարչապետը:

Համաշխահային բանկի հրապարակած Doing Business-2020 զեկույցում Հայաստանը հետընթաց է արձանագրել, ասել է վարչապետ Փաշինյանը եւ խնդրել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին պարզաբանել իրավիճակը: Ըստ Խաչատրյանի՝ 10 ցուցիչներով հավաքագրված որոշ տվյալներով Հայաստանն առաջընթաց ունի, այդ թվում հարկերի հավաքագրման, որոշներով ոչ, դրանց հանրագումարով էլ մեր երկիրը նահանջ է գրանցել։

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր 30 հարց, որից 19-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են 130 մլն դոլարի ծրագրեր՝ երկրում էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով, Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ «Հաղթանակ» ենթակայանի բացմանը, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը,  ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Որեւէ նպատակադրված գաղտնի որոշում չի եղել, ուղղակի վարչապետի եւ վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգեւավճարի առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը որոշակիորեն կառավարվի, նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման որոշման շուրջ լրագրողների հետ զրույցում պարչզաբանումներ է ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Կառավարության դիմաց բողոքի ցույց են անցկացրել ավտոներկրողները։ Նրանք կառավարությունից պահանջում են թույլ տալ աջ ղեկով մեքենաները բերել Հայաստան եւ այստեղ փոխել ղեկի տեղը։ Նրանք ասել են, որ Վրաստանում ղեկերը փոխում են,  վրացի եւ  արդրբեջանցի արհեստավորները չեն հասցնում ղեկերը փոխել։  Ցուցարարների խնդրանքն է՝  թույլատրել իրենց աջ ղեկով մեքենաները բերել Հայաստան եւ հայ արհեստավորները կարողանան փոխել ղեկերը։

«Երեւան Կենտրոն» քրեակատարողականում  20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:  Facebook-ի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Պատգամավորը նշել է, որ շատ պատասխաններ առաջ են բերել շատ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ։ Բաբաջանյանն ընդգծել է, որ Հայաստանի պետությանն ու պետականությանը հասցված այդ վնասը չի ներվելու եւ որեւէ մեկն անպատիժ չի մնալու:

Թեմայի շուրջ լրագրողների հարցին արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար:

Վլադիմիր Կարապետյանից լրագրողները հետաքրքրվել են նաեւ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հրաժարականի խնդրով, փորձելով ճշտել վարչապետի հետ խոսակցություն փոխոստիկանապետն ունեցե՞լ է, թե ոչ։  Փոխոստիկանապետը հայտարարել էր, թե համաձայն չէ, որ ոստիկանական համակարգը ղեկավարի քաղաքացիական անձ, ինչից հետո ազատման դիմում էր գրել։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում շրջանառվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, ըստ որի ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը կարող են ղեկավարել քաղաքացիական անձինք:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, պարզաբանելով, որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ։ Ընդգծելով, որ չի հեռանում իրեն այդ պաշտոնը վստահած քաղաքական թիմից՝ Վիկտոր Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ այդ կերպ կկարողանա շատ ավելի օգտակար լինել, իր բառերով՝ սիրելի քաղաքին եւ երկրին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ՝ բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը և երկարաձգել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը։ Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամ, ինչը փաստորեն, դատարանը մերժել է։

Այս տարի Հայաստանի Կենտրոնական բանկից արտարժույթի գնման ռեզերվացիայի ծավալները հասել են 487 մլն 700 հազար դոլարի, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պարզաբանել է, որ այդ աննախադեպ տվյալը վկայում է, որ երկիրը ոչ թե արտարժույթի արտահոսք ունի, այլ ներհոսք: «Մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս կողմից տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ: Այդ առումով վստահ եմ, որ այս տարի կունենանք աննախադեպ ռեզերվների ծավալ տարվա վերջին»:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կազմել է 475.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.8 դրամ՝ աճելով 66 լումայով, բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 613 դրամ, նախորդ օրվա համեմատ՝ 1.21 դրամով ավելի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 7.44 դրամ՝ նվազելով 0.01 դրամ։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանում կլինի առանց տեղումների եղանակ, Երեւանում նույնպես անձրեւ չի սպասվում, Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ