News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ցույցեր եւ երթեր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։ Ցուցարարները երկնագույն ծուխ են արձակել Եվրախորհրդի գրասենյակի մոտ։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը։  Գործարանում փակցված է եղել, «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայտնի գրությամբ պաստառ։ Արսեն Թորոսյանը, Դավիթ Սանասարյանն ու Ալ Կապոնեն։ Առողջապահության նախարարն ու պետական վերահսկողական ծառայության կասեցված լիազորություններով ղեկավարը նորից մեղադրանքներ  են փոխանակում. նրանք նաեւ առերեսվել են։ Երեք հրաժարական մեկ օրում։ Պաշտոնաթող է եղել Կենդանաբանական այգու տնօրենը, որը թափառող շների ոհմակի  կրկնվող հարձակման մեջ չի բացառում մարդկային գործոնը։ Եվ Հայաստան է ներխուժում Արկտիկական ճակատը։ Սառնամանիք է սպասվում։

Աշնան վերջին ամսվա առաջին օրը նշանավորվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ցույցերով ու երթերով։ «Կամք» նախաձեռնության անդամներ երթով անցել են Բաղրամյան պողոտայով եւ բողոքի ցույց անցկացրել Ազգային ժողովի շենքի առջեւ:  Կոնվենցիայի ընդդիմախոսները փաստաթուղթը չվավերացնելու պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել, որին արդեն միացել է 50 հազարից ավելի մարդ:

Բողոքի ցույցը վերաճել է երթի մայրաքաղաքի փողոցներով: «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը հայտարարելմ է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են եւ դրանք չեն լինելու միայն խորհրդարանի դիմաց:

Բողոքի ելույթին միացել են նաեւ Նարեկ Մալյանի գլխավորած ՎԵՏՕ նախաձեռնությունը եւ ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը: Մալյանը հայտարարել է, որ կոնվենցիայի քարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա: «Կոնվենցիայի քարոզով զբաղվում են Սորոսի գրասենյակի շահառուները: Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի քարոզի նախնական փուլը ոչ միայն սուտ ու կեղծիքի այլ նաեւ լկտի ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ»,-ասել է Մալյանը:

Ցուցարարները երթով շարժվել են Երեւանում Եվրախորհրդի գրանսենյակ, որի դիմաց հայտարարել են՝ նրանք, ովքեր դեմ կգնան մեր ազգային գոյության ձեւերի պահպանմանն ու հայկական արժեքներին, ովքեր կփորձեն ստիպել, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, թող ականջներին օղ անեն, որ այդ կոնվենցիան Հայաստանում տեղ չունի, պայքարը լինելու է մինչեւ վերջ»:

Առավոտյան ցուցարարներին միացել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նա հայտարարել է, որ Կոնվենցիան հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու մեր արժեհամակարգին: Պետրոսյանի խոսքով՝ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը որպես ավանդական ընտանիքի ղեկավար միշտ էլ կանգնած է եղել ավանդական ընտանիքները պահպանելու գաղափարի կողքին: Նա դեմ է արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիային:

«Մենք ունենք ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն, եւ դրա անվան տակ չի կարելի վավերացնել մի բան, որն, ըստ էության, ուղղված է մեր ազգային արժեհամակարգը կործանելուն», արդեն Ազգային ժողովում, լրագրողներին ասել է ԲՀԿ-ական պատգամավորը։ Կոնվենցիայի ընդունումն, ըստ նրա՝ ոչ թե ընտանիքում բռնության կանխարգելումն է, այլ դրա անվան տակ այլ բարքեր Հայաստան ներմուծելն է: Ի՞նչ է նշանակում զուգընկերներով ընտանիք:

Կոնվենցիայի վավերացման դեմ երթերն ու ցույցերն ավարտվել են Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի դիմաց՝ խորհրդանշանական կապույտ ծուխ արձակելով։ «Մենք երկնագույն ծուխ ենք բարձրացնում, որպեսզի մեր եվրոպացի հյուրերը ավելի պարզ պատկերացնեն, թե ինչը մենք չենք հավանում, և թե ինչը մեր դուրը չի գալիս», ասել է Նարեկ Մալյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ազգային ժողովում լրագրողներին ասել է, որ ինքը կողմ է Կոնվենցիային: Ըստ նրա՝ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ պարտավորություններ, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան եւ հիմա պետք է վավերացնի։ 

Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանի օրակարգում պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել, Ազգային Ժողովում Եվրախորհրդի պաշտոնյաների հետ քննարկումից հետո լրագրողներին ասել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Մինչեւ այդ կոնվենցիան պետք է արժանանա կառավարության ու Սահմանադրական դատարանի հավանությանը: Վարդանյանին Ստամբուլյան կոնվենցիայի հանրային կոշտ արձագանքը զարմացրել է։

Մեկ Հայաստան կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ սպասում է Նիկոլ Փաշինյանի  պաշտոնական դիրքորոշմանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ իշխանության մեջ Փաշինյանից զատ այլ սուբյեկտ  չի ճանաչում, մինչդեռ նա  խուսափում է այդ խնդրի վերաբերյալ դիրքորոշում հայտնել և օգտագործում է իշխանության մեջ ներթափանցած երկրորդական սուբյեկտներին։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը։  Գործարանում փակցված է եղել, «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայտնի գրությամբ պաստառ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ այն  պետք է լինի յուրաքանչյուր հային առաջ մղող կարգախոսը և իր ֆեյսբուքյան էջում կոչ արել միանալ ֆլեշմոբին, այսինքն՝ մարդիկ թղթին գրեն այդ կարգախոսը, լուսանկարեն ու տեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում։

Այս գրությամբ պաստառների տարածման համար վարչապետի աշխատակազմին է հատկացվել մոտ 49 մլն դրամ:

Իր հասցեին Դավիթ Սանասարյանի հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողներին ասել է, որ իր ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, ինչի մասին ասել է բազմիցս: «Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրեր», ասել է Թորոսյանը:

Երեք հրաժարական՝ մեկ օրում։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը։ Ասել է՝ առողջական խնդիրներ ունի։ Ազատման դիմումը  դեռ չի մակագրվել։

Մի դիմում էլ գրել է «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը։ Այն եւս դեռ չի մակագրվել։ «Արդեն երկար ժամանակ է` գրել եմ դիմումը, բայց դեռ ընթացք չկա»,- ասլ է Գուլանյանը՝ հավելելով, որ սա իր առաջին դիմումը չէ։

Հրաժարական է տվել նաեւ Կենդանաբանական այգու տնօրենը։ Այս լուսադեմին եւս թափառող շները թափանցել են այգու տարածք, այս անգամ  հոշոտել 3 մուֆլոն: Շներին բռնել չի հաջողվել: Անձնակազմի կարծիքով՝ հարձակվողները նույն ոհմակն են, որ երեկ հարձակվել էին կենգուրուների վրա:

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր հրաժարականում՝ վերջին օրերի իրադարձություններում չի բացառել մարդկային գործոնը, սակայն չի ցանկացել խախտել անմեղության կանխավարկածը եւ մեղադրել որեւէ մեկին:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն է առաջարկել Ռուբեն Խաչատրյանին ազատման դիմում գրել։ Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջարկն արել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ խորհրդակցելուց հետո։

Մերկելի առողջական վիճակը լավ չէ։ Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հակառակ արարողակարգի, նստած է լսել երկու երկրների ազգային օրհներգերը։ Հնդկաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը ցավով նշել է, որ տիկին Մերկելին անհանգստացնում են առողջական խնդիրները։

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Աննա Սկորոխոդը արտասվել է խորհրդարանի նիստի ժամանակ, երբ նրա գործընկերներն անտեսել են գազատրանսպորտային համակարգի ակտիվների բաժանման օրինագծում իր առաջարկած ուղղումները: «Այնպիսի տպավորություն է, թե մեզ մոտ մինչ-որ ծաղր ու ծանակ է տեղի ունենում», ասել է պատգամավորը:

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է չեմպիոն: Ֆեյսբուքի իր էջում Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին դրական լիցքեր փոխանցելու համար. Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է զինվորականը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը մեկ օրում աճել է 0.36 դրամով եւ կազմել 476.46 դրամ։ Եվրոյի փոխարժեքն էլ նվազել է մոտ կես դրամով եւ կազմել 531.16 դրամ,  բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0,75 դրամով ու հասել 616.92 դրամի, աննշան ավելացել է ռուսական ռուբլու փոխարժեքը՝ կազմելով 7.45 դրամ։

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա կիրակի գիշերը հանրապետության նախալեռներում եւ Արարատյան դաշտում սպասվում են առաջին սառնամանիքները՝ -1-ից մինչեւ -3, գետնի մակերեւույթին՝ 4-ից 5 աստիճան զրոյից ցածր:  Առաջիկա շաբաթ Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Լեռներում կտեղա առաջին ձյունը: Կիրակի կլինի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ցերեկը եւ նոյեմբերի 3-ին գիշերը օդի ջերմաստիճանը ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում շաբաթ օրը սպասվում է անձրեւ, իսկ կիրակի՝ առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +10+12:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ